ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին

Վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և հայ-հնդկական բարեկամական համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ վարչապետն ու դեսպանն ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու ակնկալիքները։

«Կարող ենք գոհունակությամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատվում է էական աշխուժացում հայ-հնդկական հարաբերություններում: Բավական է հիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երևանի պետական համալսարանում, որին մասնակցում էր նաև Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլո­տը: Սա նշանակալի իրադարձություն է մեր հարաբերություններում, որովհետև ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է և կարևոր», – նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Երևանում 2011 թ. հոկտեմբերին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի ու գործարար համաժողովի անցկացումը:

Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նա ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է գործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ու զարգացնելու գործում:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել Աչալ Կումար Մալհոտրային հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:

Մեկնաբանել