Սերնդափոխության պահը

«Սիիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լսարանից նրան հետաքրքիր հարց ուղղվեց, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե նախագահ դառնայիք, որը կլիներ ձեր հաջորդ քայլը»: Հովհաննիսյանը պատասխանեց, որ հնարավորություն կտար, որ իրեն այլընտրանք, մրցակից ծնվեր:

Որ Հայաստանում նոր մարդկանց առջև հնարավորությունները փակ են, որ չկա մրցակցություն, որ նոր սերնդի ներկայացուցիչները չեն կարողանում ճանաչելի դառնալ, իսկապես կարելի է համարել ներկայիս արատավոր քաղաքական համակարգի հիմնասյուներից մեկը:

Հայաստանի քսան տարվա անկախության ընթացքում մշտապես փակվել են այն միջոցներն ու հարթակները, որտեղ քաղաքական նոր դեմքեր ու նոր գաղափարներ պետք է ի հայտ գան, ամեն ինչ պտտվել է հնի շուրջ: Հնի շուրջ պտտվելն ի վերջո դառնում է փակ շրջապտույտ, երբ երկիրը զարգանալու և առաջ նայելու փոխարեն սկսում է խնդիրների լուծումը որոնել նեղ շրջանակի մեջ ու չի կարողանում դուրս գալ այդ նեղ շրջանակից: Ավելին՝ չի ուզում դուրս գալ այդ շրջանակից:

Արևմուտքի զարգացած ժողովրդավարություններում արդեն հարյուրամյակներ ընդունված պրակտիկա է, որ քաղաքական սովորական դեմքեր կարող են համազգային մասշտաբի գործիչներ դառնալ ընդամենը մեկ ընտրաշրջանի ընթացքում: Բոլորովին պետք չէ, որ, ասենք՝ Ամերիկայի բոլոր նախագահները Էյզենհաուեր՝ Երկրորդ աշխարհամարտի հերոս լինեն: Ընդամենը մեկ ընտրաշրջանի ընթացքում Ամերիկայի ոչ այնքան հայտնի և աշխարհին անհայտ Միթ Ռոմնին կարող է դառնալ համապետական դեմք: Նույն մոտեցումն է Եվրոպայում. դը Գոլի պես խարիզմատիկ գործիչը, ազգային հերոսը կարող է գահազրկվել ընդամենը ուսանողական շարժման արդյունքում:

Այսինքն՝ այս երկրները շատ լավ հասկացել են, որ հասարակությունը կարող է զարգանալ միայն սերնդափոխության միջոցով: Եվ նրանք նաև այդ պատճառով են երկրի ղեկավարների ընտրվելու ժամկետների սահմանափակումներ դրել:

Հայաստանում, իհարկե, ընտրվելու ժամկետների սահմանափակում ևս կա, սակայն դա չի օգնում, որ քաղաքականությունը դիտարկվի փակ շրջապտույտից դուրս:

Քաղաքական համակարգի սերնդափոխությունը նշանակում է նաև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտների սերնդափոխություն: Քանի դեռ քաղաքական շրջապտույտը չի դադարել, չի կարելի խոսել սերնդափոխության մասին: Իսկ «կոմսոմոլի քարտուղար»-ի տեսակով սերնդափոխությունը տանում է անդունդ: