Բրեյվիկը մեղսունակ է ճանաչվել

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հոգեկան վիճակի կրկնակի բուժփորձաքննությունն ապացուցել է նրա մեղսունակությունը։ Այս մասին ասված է դատական հոգեբանների եզրակացությունում։ Կրկնակի փորձաքննության արդյունքները նշանակում են, որ Անդերս Բրեյվիկը պետք է դատարանի առաջ կանգնի։

Անցյալ տարվա նոյեմբերին դատահոգեբանական փորձաքննությունը Բրեյվիկին անմեղսունակ էր ճանաչել։ Նախքան կրկնակի հետազոտության ավարտը ինքը՝ Բրեյվիկը, խոստովանել էր, որ առաջին փորձաքննության ժամանակ միտումնավոր մոլորեցրել է դատաբժշկական փորձագետներին։

Բրեյվիկի գործով դատական գործընթացը պետք է սկսվի ապրիլի 16-ին։ Նա մեղադրվում է ահաբեկչության և կանխամտածված սպանության մեջ։

Հիշեցնենք, որ 2011թ․ հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը նախ պայթյուն  իրականացրեց Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարեց Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին։