Քննարկվել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումների քննարկման կարգը

Ինչպես տեղեկացրին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մասնակցությամբ քննարկմանը ներկա են եղել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած վեց կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԿԿ -ի և ՀԴԿ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի երկրորդ նիստը, այբբենական կարգով նախագահությունը փոխանցելու մասին որոշման համաձայն՝ նախագահել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, ինչպես նաեւ Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»), Երջանիկ Ղազարյանը (ՀԿԿ), Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ), Արտյուշ Շահբազյանը (ՀՅԴ) և Արամ Սարգսյանը (ՀԴԿ) հնչեցրել են իրենց առաջարկները խախտումների վերաբերյալ դիմումներն ստանալու ու քննարկելու կարգի, տեղական ինքնակառավարման և գործադիր մարմինների պատասխանատուներին հրավիրելու, արձանագրություններ կազմելու, իրավապահ մարմինների հետ համագործակցելու, համանման հարցերի վերաբերյալ: Որոշվել է, որ կուսակցություններն իրենց նախընտրական շտաբներում կամփոփեն ստացված տեղեկատվությունը և կներկայացնեն աշխատանքային խմբին:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է, որ խմբի անդամներն ուշադրության առանցքում պահեն նաեւ 41 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով գրանցված` անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին: ԱԺ նախագահն առաջարկել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար ևս ստեղծել խմբում իրենց մտահոգությունները ներկայացնելու հնարավորություն: Խորհրդարանի ղեկավարն այն կարծիքին է, որ աշխատանքային խումբը պետք է քննարկի կոնկրետ հարցեր և փորձի դրանց տալ գործնական լուծումներ: Այս համատեքստում, հաշվի առնելով մամուլում շրջանառվող լուրերը ՀՀ քաղաքացիների` կրկնակի անձնագրեր ունենալու մասին, Աժ նախագահն առաջարկել է հաջորդ նիստում պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պատասխանատուներին:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին:

Մեկնաբանել