Հայաստանի ԿԲ ռեպոն թողեց անփոփոխ

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2012 թ. մարտին արձանագրվել է 0,1% գնաճ: Արդյունքում՝ 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0,8 տոկոսային կետով և կազմել 2,2%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում (գնաճի թիրախային ցուցանիշն՝ 4±1,5%):

«Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածի զարգացումները հիմնականում Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի շրջանակներում են. առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո պարենային ապրանքների միջազգային գները ձևավորում են թույլ գնաճային միջավայր: Մինչդեռ շարունակում է դրսևորվել Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված՝ նավթամթերքի շուկայում գների աճի ռիսկը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումներով»,-նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին և, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է:

«Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունների զարգացման ներկա հեռանկարում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն»,-նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել