Բրազիլիայում ներկայացվելու է ՀՀ գործողությունների ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 10-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա են եղել Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:

Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը, ծրագրի հիմնական դրույթները, որոնք նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաև պատասխանեց արտասահմանյան դիվանագետների հարցերին:

ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը:

«Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության եւ հաշվետվողականության մակարդակը:

Մեկնաբանել