Գառնիի դիտարանը կարդիականացվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 10-ին  կայացել է ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը  նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ:

Նախարարին զեկուցվել է, որ շատ շուտով կվերազինվեն ու կավտոմատացվեն սեյսմիկ ծառայության կողմից շահագործվող 15 հորատանցքերը, որտեղ չափվում է ստորգետնյա ջրերի մակարդակը։ Վերազինումից հետո 15 հորատանցքերից ստացվող տվյալներն իրական ժամանակում կփոխանցվեն սեյսմիկ ծառայություն։

ՍՊԱԾ մասնագետները, կարճ ժամանակում մշակելով ու վերլուծելով այդ տվյալները, պատրաստ տեղեկատվությունը կհաղորդեն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ Ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են հնարավոր ստորգետնյա ցնցումների կանխաստեսման համար։ Նախատեսվում է նաև հորատանցքերից ստացվող տվյալները փոխանակել Վրաստանի համանման կառույցի տեղեկատվության հետ։

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում ակտիվ քննարկումներ են ընթանում` կապված Գառնիի դիտարանի արդիականացման հետ։ Քննարկումներին ներգրավվել են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներ ու սեյսմաբաններ։
Նախարարն ընդգծել է, որ Գառնիի դիտարանը պետք է դառնա աշխարհում ճանաչված կենտրոն, և այդ նպատակով դիտարանը կվերազինվի ու կարդիականացվի, ինչպես նաև կվերագործարկվի Գառնիի դիտարանում գտնվող դեֆորմոգրաֆ սարքավորումը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու համար։