Բուհական արխիվները ուսանողներին անմատչելի՞

Բուհ ընդունվելիս դիմորդները հանձնում են իրենց դպրոցական ավարտական վկայականները`ատեստատները ՝ որպես միջնակարգ կրթության հիմք: Դրանք պահվում են ուսանողի անձնական գործում և կարող են վերադարձվել ուսանողին միայն բուհն ավարտելուց հետո:

Ոմանք ցանկանում են պահպանել դրանք որպես հուշ, իսկ ոմանց էլ այն անհրաժեշտ է լինում արտասահմանյան որևէ բուհ ընդունվելիս: Կան նաև շրջանավարտներ, որոնք չեն էլ հիշում, որ իրենց դպրոցական ատեստատները բուհերի արխիվներում են:

«Սիվիլնեթ»-ը մի քանի բուհերից փորձել է ճշտել, թե ինչ ճակատագրի են արժանանում շրջանավարտների դպրոցական ատեստատները: ԵՊՀ արխիվի աշխատակցուհին տեղեկացրեց, որ սովորաբար ատեստատները պահվում են ֆակուլտետի դեկանատում մոտ 5 տարի, ապա հանձնվում ԵՊՀ արխիվ, որտեղ էլ պահվում են 40 տարի: Այս պահին ԵՊՀ արխիվում 1976թ. ծնվածները կարող են գտնել իրենց դպրոցի ատեստատը: ԵՊԲՀ արխիվում ատեստատները պահվում են մինչև 50 տարի, իսկ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի արխիվում՝ 20 տարի:

ՀՀ կառավարության 2006թ. մարտի 9-ի N 351-Ն պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին որոշման  124 կետով սահմանվում է անձնական փաստաթղթերի՝ դիպլոմներ, ատեստատներ, աշխատանքային գրքույկներ և այլն բնօրինակների պահպանման ժամկետը մինչև 50 տարի:

«Սիվիլնեթ»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի արխիվային հավաքածուի ձևավորման բաժնի վարիչ Սոս Մարուքյանը տեղեկացրեց, որ 50 տարի ժամկետից հետո դրանք ենթակա են ոչնչացման:

Նշանակում է, որ յուրաքանչյուր շրջանավարտ մոտ 50 տարիների ընթացքում կարող է հանգիստ ստանալ իր դպրոցական վկայականը: Ինչ վերաբերում է ատեստատները ստանալու կարգերին, դրանք բոլոր բուհերում գրեթե միանման են:

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) արխիվի բաժնի աշխատակցուհին «Սիվիլնեթ»-ին տեղեկացրեց, որ ատեստատը վերցնելու համար անհրաժեշտ է գրել դիմում՝ ուղղված արխիվի բաժնի պետին և ներկայացնել անձնագիրը: ԵՊՀ արխիվ բավարար է ներկայացնել միայն անձնագիրը, իսկ Սլավոնական համալսարանի աշխատակցի խոսքով՝ իրենց շրջանավարտներին բուհի ավարտական դիպլոմների հետ միասին տրվում են դպրոցի ատեստատները: Իսկ եթե ատեստատի սեփականատերը երկրից դուրս գտնվելու կամ այլ պատճառներով անձամբ չի կարող ներկայանալ բուհ, ապա լիազոր անձը պետք է ներկայացնի լիազորագիր: 

«Սիվիլնեթ»-ը զրուցել է մի քանի ուսանողների հետ, ովքեր իրենց բուհերից վերցրել են դպրոցական ատեստատները: Պարզվում է, որ որոշ ուսանողներ անհասկանալի պատճառներով դժվարությամբ են ստացել դրանք:

ԱՄՆ-ում ապրող ԵՊԲՀ շրջանավարտ Տաթևը պատրաստվում է ընդունվել ամերիկյան բժշկական բուհերից մեկը: «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում  նա պատմեց, որ իր հայրիկին ԱՄՆ-ից ուղարկել էր լիազորագիր, սակայն ատեստատը տրվել է ԵՊԲՀ արխիվի հետ միայն երկար «բանակցություններից» հետո: Մեկ այլ ԵՊԲՀ շրջանավարտ Բյուրակնին, մի ամբողջ տարի է պահանջվել ատեստատը ստանալու համար, իսկ շրջանավարտ Սևակն առանց խնդիրների է այն ստացել:

Սլավոնական համալսարանի ուսանողուհի Շողիկին տեղեկացրել են, որ ընդհանրապես ատեստատ չեն վերադարձնում, սակայն ի վերջո մի քանի օր «տանել-բերելուց» հետո, այն հանձնել են իրեն և հավելել, որ այդ մասին «մարդու չասի»: Հետաքրքիր է, որ Սլավոնական համալսարանի մեկ այլ շրջանավարտ՝ Տաթևին, առանց «տանել-բերելու» ատեստատը հանձնել են: ԵՊՀ ուսանողուհի Ռուզանը և իր համակուրսեցին հետաքրքրվել են ատեստատը վերցնելու կարգով: Ի վերջո այնքան «տանել-բերելու» գորընթացներ է պահանջվել, որ ուսանողները «հանձնվել են» ատեստատի հետքերով գնալուց:

Անհայտ է, թե ինչու՞ են որոշ ուսանողներ բուհական արխիվների կողմից դիտվել որպես բացառություններ: Հայաստանում նման պարզունակ գործընթացները հաճախ են բարդացվում և չափազանցվում մի շարք մարմինների կողմից: Փաստորեն, որոշ դեպքերում, բուհական արխիվները, նույնպես բացառություն չեն կազմում: