Մակ-Քեյնն ու Լիբերմանը հանդիպել են Սիրիայի ազատ բանակի առաջնորդներին

Հանրապետական սենատորներ Ջոն Մակ-Քեյնն ու Ջոզեֆ Լիբերմանը չհայտարաված այց են կատարել թուրք-սիրիական սահմանային շրջան ու հանդիպել «Սիրիայի ազատ բանակի» հրամանատարներ գեներալ Մուստաֆա աշ Շեյխի և Ռիադ ալ Ասադի հետ, հաղորդում է ամերիկյան Foreign Policy-ի հանդեսը։

Համաձայն պարբերականի՝ սենատորները «ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջին անդամներն են, որ հանդիպել են «Սիրիայի ազատ բանակի» առաջնորդներին ու եղել թուրք-սիրիական սահմանին»։

Նշվում է, որ սենատորների այցը կապված չի եղել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ջանքերի հետ։ Դրանց նպատակը, ինչպես հայտնի է, Սիրիայում բռնության դադարեցումն է։ Սակայն Մակ-Քեյնն ու Լիբերմանը դրա փոխարեն կոչ են անում զինել սիրիական ընդդիմությանը։

Դամասկոսի գործող իշխանություններին մեղադրելով սեփական բնակչության նկատմամբ բռնության մեջ՝ նրանք համատեղ հայտարարության մեջ ընդգծել են. «Շարժման ընթացքը շրջելու միակ միջոցը սիրիական ընդդիմությանը օգնելն է՝ փոխելու ռազմական հավասարակշռությունը տեղում։ Սա նշանակում է ոչ մահաբեր օգնության տրամադրում, որը խոստացվել է։ Սակայն սա նշանակում է նաև շատ ավելի հեռու գնացող միջոցառումների ձեռնարկում»։

Մասնավորապես՝ սենատորները կոչ են արել ընդդիմությանը տրամադրել ինքնապաշտպանության միջոցներ և օգտագործել օտարերկրյա օդուժը բազաների պաշտպանության համար։

Նախքան թուրք-սիրիական սահման կատարած այցը Մակ-Քեյնն ու Լիբերմանը հանդիպել էին Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդների, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։