Gartner․ 2012թ․ աշխարհում կվաճառվի 119 մլն պլանշետ

2016թ. այս ցուցանիշը կկազմի 370 մլն, կանխատեսում են Gartner հետազոտական ընկերության փորձագետները։ Ամերիկյան IDC (International Data Corporation) ընկերության համապատասխան կանխատեսումն ընթացիկ տարվա համար ավելի քան 106 մլն պլանշետ է։

Gartner-ում վստահ են, որ Apple iOS օպերացիոն համակարգը, որով գործում է iPad-ը, դեռ կշարունակի գերիշխել շուկայում՝ չնայած Microsoft-ի Windows 8 համակարգով գործող սարքավորման և Amazon-ի Kindle Fire խնայողական պլանշետի սպասված թողարկումներին։ Ըստ Gartner-ի՝ Apple-ի գերիշխանությունը շուկայում կպահպանվի մինչև 2016թ., երբ շուկայական նրա մասնաբաժինը ներկայիս 61,4%-ից կկրճատվի մինչև 45%։ IDC-ն, իր հերթին, կանխատեսում է, որ շուկայի առաջատարն իր դիրքերը կզիջի 2015թ., երբ Google Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների վաճառքը կգերազանցի iOS հարթակով գործող վաճառված պլանշետների թվին։

Մինչև 2016թ. Android համակարգով գործող վաճառված պլանշետների թիվը կկազմի 37%՝ այդպիսով ընդհուպ մոտենալով iOS-ի ցուցանիշին, կանխատեսում է Gartner-ը։ Windows 8-ի համապատասխան մասնաբաժինը մինչև 2016թ. կկազմի 12%։

Մեկնաբանել