Հոսանքին հակառակ

Չխորանալով վեճի մանրամասների մեջ և չդատելով, թե ով է ճիշտ, ով սխալ, այդ գործառույթը թողնելով դատական համակարգին՝ կարող ենք արձանագրել, որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի արձագանքը ԿԳ նախարարի նկատողությանը աննախադեպ երևույթ է հայաստանյան իրականությունում:

Հատկապես կրթական համակարգում, որտեղ ճահճացած վիճակ է, որտեղ առաջնորդվում են այն սկզբունքով, որ «շեֆը միշտ Ճիշտ է», Զոլյանի կոշտ դիմակայությունը զարմացնում է: Վերջին տարիներին՝ հատկապես նախընտրական շրջանում, հնարավոր չէ հիշել մի դեպք, երբ հանրապետության ազդեցիկ բուհերի ղեկավարներից որևէ մեկը համարձակվեր վիճարկել վերադասի ճշմարտացիությունը և նույնիսկ կասկածի տակ առներ ԿԳ նախարարի որակական հատկանիշները:

Անկախ այն բանից, թե Զոլյանի քայլն ինչ մոտիվացիաներ ունի՝ անձնական, թե գործնական, այնուամենայնիվ, այդ համակարգում նման «մինի ապստամբությունները» կարող են միայն օգտակար լինել կրթական համակարգի առողջացմանը: