Դոլարը սիրում է տնտեսությունը

Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ փետրվարի վերջին բանկային համակարգում վարկերի դոլարիզացիան կազմել է 62,3%, ավանդներինը՝ 69,1%։

Այս տարվա առաջին երկու ամիսներին բանկային համակարգում դոլարային վարկերի ծավալն ավելացել է մոտ Դ50 մլրդ-ով՝ փետրվարի վերջին կազմելով Դ823,5 մլրդ։ Փետրվարի վերջին համակարգում դոլարային վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում հասել է 62,3%-ի։ Փաստացի՝ երկու ամսվա ընթացքում վարկերի դոլարիզացիան ավելացել է 1,4-տոկոսային կետով։

Տոկոսները խթանում են
Դոլարային վարկերի պահանջարկը պայմանավորված է բանկերի տոկոսային քաղաքականությամբ։ Խնդիրն այն է, որ այս տարվա երկու ամիսներին բանկային համակարգում դոլարային վարկերը համեմատաբար ավելի էժան էին։

Այսպես՝ մեկ տարուց ավելի ժամկետով դրամային վարկի միջին տոկոսադրույքը երկու ամսվա ընթացքում աճել է 0,5-տոկոսային կետով՝ փետրվարին կազմելով 18,23%, այն դեպքում, երբ դոլարային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12,53% (աճը՝ 0,03-տոկոսային կետով)։

Դոլարային վարկերը համեմատաբար էժան են, քանի որ բանկերը վերջին շրջանում արտաքին աղբյուրներից ներգրավում են արտարժութային միջոցներ։ Բացի այդ՝ ներքին շուկայում ևս դոլարը բանկերի համար բավական «էժան» է։

Այսպես՝ կես տարվա ավանդների միջին տոկոսադրույքը փետրվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ավելացել է 1-տոկոսային կետով՝ կազմելով 10,4%։ Մեկ տարուց ավելի ժամկետայնության դրամային ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 0,04-տոկոսային կետով՝ կազմելով 11,11%, այն դեպքում երբ դոլարային ավանդների տոկոսադրույքը նվազել է 0,6-տոկոսային կետով՝ կազմելով 7,3%։

Դոլարային վարկերի տեսակարար կշռի ավելացումը որոշակի ռիսկեր է պարունակում։ Այս տարվա հունվար-փետրվարին բանկերը դոլարային վարկեր տրամադրել են հիմնականում արդյունաբերական ոլորտի կազմակերպություններին և առևտրի ոլորտի ընկերություններին։ Փետրվարի վերջին երկու այս ոլորտների արտարժութային վարկերին բաժին է ընկել 56,5%։ Դրամի արժեզրկման պայմաններում առևտրային ոլորտում առկա դոլարային վարկերը ստեղծում են գնաճային ռիսկեր։

Փողերը հանում են
Մյուս կողմից՝ բանկային համակարգում դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացումը նպաստել է ավանդների դոլարիզացիայի նվազմանը. երկու ամսում ավանդների դոլարիզացիան նվազել է՝ 0,7-տոկոսային կետով՝ փետրվարի վերջին հասնելով 69,1%։ Բանկային համակարգում դոլարային ավանդների ծավալը կազմել է մոտ Դ700 մլրդ։

Նշենք, որ հունվար-փետրվարին ավանդների դոլարիզացիայի նվազումն ամբողջովին պայմանավորված է ոչ ռեզիդենտների դոլարային ավանդների մոտ Դ30 մլրդ-ով կրճատմամբ։ Ոչ ռեզիդենտների կողմից բանկային համակարգից միջոցների դուրսհանումը հանգեցրել է նաև նրան, որ այս տարվա առաջին երկու ամիսներին բանկային համակարգում ավանդների ծավալը նվազել է 1,2%-ով՝ փետրվարի վերջին կազմելով Դ1,011 տրլն։ Ոչ ռեզիդենտների ավանդների տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր ավանդներում կազմել է 23%։

Բայց եթե ոչ ռիզիդենտները հանել են իրենց արտարժութային միջոցները բանկային համակարգից, ռեզիդենտներն այս երկու ամիսներին Դ16 մլրդ-ով ավելացրել են դոլարային ավանդների ծավալը։

Ռեզիդենտների ավանդների վիճակագրությունից երևում է, որ դոլարային ավանդների ծավալն ավելացել է հիմնականում ձեռնարկությունների և տնային տնտեսությունների ժամկետային ավանդների աճի հաշվին։ Սա նշանակում է, որ տնտեսավարողները նախապատվությունը տալիս են «ավելցուկային» միջոցներից տոկոսային եկամուտներ ստանալուն՝ ներդրումներ կատարելու կամ դրանք շրջանառության մեջ դնելու փոխարեն։

Բացի այդ՝ ֆիզիկական անձանց համար բանկերի կողմից դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացումը նպաստել է այս հաճախորդների դրամային ավանդների աճին։ Տնային տնտեսությունների ժամկետային դրամային ավանդների ծավալն ավելացել է Դ10 մլրդ-ով, այն դեպքում, երբ դոլարային ժամկետային ավանդների ծավալն ավելացել է ընդամենը Դ5 մլրդ-ով։

Նշենք, որ վարկերի և ավանդների դոլարիզացիայի բարձր մակարդակը սահմանափակում է մոնետար գործիքներով գնաճի դեմ արդյունավետ պայքարելու ԿԲ-ի հնարավորությունները։ Մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 2,2%՝ դուրս մնալով թիրախային ցուցանիշի (4±1,5%) շրջանակից։

Մեկնաբանել