Կորցնելով գնաճի ու ռեպոյի կապը

Արտաքին և ներքին գնաճային ճնշումները նվազագույն են, գնաճը՝ թիրախայինից ցածր. այս պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 8% մակարդակում: Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է անցած տարվա սեպտեմբերին՝ նվազեցնելով 0,5-տոկոսային կետով։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2012թ. մարտին արձանագրվել է 0,1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0,8-տոկոսային կետով և կազմել 2,2%՝ ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում (գնաճի թիրախային ցուցանիշը 4±1,5% է)։

«Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածի զարգացումները հիմնականում Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի շրջանակներում են. առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո պարենային ապրանքների միջազգային գները ձևավորում են թույլ գնաճային միջավայր: Մինչդեռ շարունակում է դրսևորվել Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված՝ նավթամթերքի շուկայում գների աճի ռիսկը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումներով»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ համաշխարհային և Հայաստանի տնտեսությունների զարգացման ներկա հեռանկարում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1,5-տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: «Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն»,– նշված է հաղորդագրությունում:

Ցածր գնաճն էլ է վտանգավոր
Նշենք, որ ԿԲ-ի պահպանողական նման վարքագիծն այդքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այս տարվա ընթացքում 12-ամսյա գնաճը նվազել է. մարտին այն ավելի ցածր էր, քան թիրախային ցուցանիշի նվազագույն շեմը։

Խնդիրն այն է, որ տնտեսության համար վտանգավոր է ինչպես մեծ, այնպես էլ փոքր գնաճը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երբ գները սկսում են նվազել, բնակչությունը սկսում է տնտեսել միջոցները և ծրագրված գնումները տեղափոխում մյուս ամիս։ Արդյունքում նվազում է սպառումը՝ ի հայտ բերելով խնդիրներ տնտեսավարողների համար։

Տնտեսության զարգացման համար օպտիմալ է միջին և կայուն գնաճը։ Կախված երկրի զարգացման աստիճանից՝ տատանվում է նաև օպտիմալ գնաճը. օրինակ ԵՄ-ի համար օպտիմալ գնաճ է 2%-ը, Ռուսաստանը այս տարվա համար այն ծրագրել է 7%-ի չափով, Հայաստանի համար օպտիմալ գնաճ է համարվում 4%-ը։

Մարտին 12-ամսյա գնաճի շեղումը թիրախային ցուցանիշից ԿԲ-ին պետք է հուշեր վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման անհրաժեշտության մասին, ինչը կխթաներ տնտեսական ակտիվությունը։ Հատկապես երբ Կառավարությունն այս տարի խնդիր ունի ապահովել բյուջեի հիմքում դրված 4,2% տնտեսական աճը։

Նշենք, որ մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, այս տարվա հունվարին վերանայել էին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 4%-ից իջեցնելով 3,8%-ի։

Մեկնաբանել