ԱՄՆ-ի նախընտրական արշավում այլևս ինտրիգ չկա

Այն, որ Սանտորումը դուրս կգա մրցավազքից, Վաշինգտոնում քննարկում էին, բայց ցածրաձայն։ Իսկ այն, որ դա տեղի կունենա այսքան շուտ, նախընտրական անակնկալ էր։

Սանտորումը դասական վաշինգտոնյան քաղաքական գործիչ է, նախկին սենատոր, 7 երեխաների հայր, ժողովրդականություն սկսեց ձեռք բերել առավել պահպանողական հանրապետականների ճամբարում, որոնց համար կարևոր է, որ քաղաքական գործիչը խիստ հավատարիմ է ընտանեկան արժեքներին։ Սակայն արտաքին քաղաքականությունում քարոզարշավից մի քանի ամիս առաջ նա իրեն դրսևորեց՝ որպես ավանդական հանրապետական-բազե, որը հավատացած է՝ Իրանին հարկ է հարվածել։ Ռիկ Սանտորումը այս ընտրությունների գլխավոր ինտրիգն էր։ Այժմ ինտրիգ չկա։ Այս տարվա նոյեմբերին հանրապետական Միթ Ռոմնին կպայքարի գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ։

«Ամեն դեպքում մենք հաղթել ենք 11 նահանգում։ Մենք ունեինք միլիոնավոր ընտրողներ, միլիոնավոր ձայներ։ Մենք կարողացանք հասցնել մեր գաղափարները, տարածել դրանք երկրով մեկ ու ստացանք աջակցություն, իսկ անձամբ ես էլ ավելի սիրեցի հայրենիքս»,- ասել է նախկին սենատորը։

Սանտորումի օգտին իսկապես քվեարկում էին շատերը, ու երբ նա երկու շաբաթ առաջ սկզբունքային պարտություն կրեց Իլինոյիսի փրայմերիզներում, այսպես արդարացավ. «Հո չե՞մ կարող ես Ռոմնիի հետ մրցել ծախսված գումարների չափով»։

Քաղաքագիտության պրոֆեսոր Ալեն Լիխտմանը նշում է, որ ամերիկյան ընտրարշավում ոչ միայն փողն է վճռորոշ գործոն, այլև արխայիկ համակարգի որոշ առանձնահատկությունները։

Մեկնաբանել