Ինչպես հավատալ և չկասկածել

Ապրիլի 9-ին Ծաղկաձորում Սերժ Սարգսյանը նկատեց, որ երկրից բացակայելը մարդկանց ընտրացուցակներից հանելու հիմք չէ: Նա շեշտեց, որ բացակայող քաղաքացիների անունների առկայությունն ընտրողների ցուցակում չի նշանակում, որ նրանք անպայման քվեարկելու են: Ինչպես ասում են՝ «Աչքը տեսածից է վախենում», հետևաբար այս հարցում Սերժ Սարգսյանի հետ կարելի է երկար վիճել:

Հայաստանյան ընտրություններին ականատես յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի չհավատալու Սերժ Սարգսյանին, և արդար ու ազատ ընտրությունների խոստումների առումով չփոխել իր կարծիքը: Նույն՝ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ էր, երբ ընտրակաշառքը բաժանվում էր հրապարակայնորեն, շատ դեպքերում՝ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների անմիջական հարևանությամբ:
Ընտրակեղծիքների շարքը կարելի է երկար թվարկել: Ամենահետաքրքիրն այն է, որ հենց այդ ընտրություններով իշխանության եկավ ներկայիս վարչակարգը, որը հիմա ազատ և արդար ընտրություններ է խոստանում: Այդ պատճառով ՀՀ քաղաքացուն այժմ շատ դժվար է համոզել, որ մեռյալ հոգիներն ու երկրից բացակայողները հանկարծ չեն որոշի իրենց քվեն տալ, ասենք, ՀՀԿ-ին:

Իհարկե, կարելի է բացատրել, որ 2007թ. համեմատ ընտրողների թվի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007-ից մինչև 2012թ. չափահաս են դարձել 1989-ից մինչև 1994թ. ծնվածները: Ինչպես հայտնի է, այդ ընթացքում Հայաստանում ծնելիության մակարդակը խիստ բարձր էր: Սակայն ընտրողների ցուցակի հետ կապված՝ հարկ է անդրադառնալ ևս մեկ կարևոր գործոնի, այն է՝ երկքաղաքացիների ընտրության իրավունքին։
Սկզբունքային առումով կարելի է համաձայնել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները իրավունք ունեն մասնակցելու երկրի կառավարման գործընթացին՝ ընտրություններին մասնակցելու միջոցով:

Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր հարմար առիթ իշխանությունն օգտագործում է ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու համար, երկքաղաքացիների գործոնը իշխանությունների կողմից կարող է հեշտորեն օգտագործվել: Արդեն իսկ հնչում են գնահատականներ, որ ընտրողների թվի ավելացումը պայմանավորված է երկքաղաքացիների հանգամանքով, քանի որ երկքաղաքացիություն ընդունում են հիմնականում չափահաս քաղաքացիները: Սակայն երկքաղաքացիություն ստացած այդ նույն քաղաքացիները սովորություն ունեն Հայաստանում չբնակվելու և զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան այցելելու: Հիմնական մասը վիրահայերն են, որոնք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնելու համար ստանում են ՀՀ քաղաքացիություն, ընդգրկվում ընտրողների ցուցակներում և հնարավոր է՝ անգամ տարին մեկ Հայաստան չգան:

Հենց նմանատիպ քաղաքացիների ձայների օգտագործումը ոչ ազնիվ նպատակներով խիստ ռիսկային է, քանի որ մշտական բնակություն ունեցող անձանց կարելի է վերահսկել, այսինքն՝ շրջապատը կարող է տեղյակ լինել, թե տվյալ քաղաքացին ինչքան ժամանակով է բացակայում Հայաստանից, մահացած է, թե ոչ և այլն: Սակայն երկքաղաքացիների տեղաշարժերը չեն վերահսկվում շրջապատի կողմից, քանի որ նրանց գոյությանը քչերն են տեղյակ: Հետևաբար՝ նրանց փոխարեն քվեարկելը մեծ դժվարություն չի ներկայացնելու: