Հին խողովակի երգը

Նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին օրերս հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իրանից նավթամթերք ներմուծելու հարցում։ Հայաստանի վառելիքի շուկայի խաղորդներն էլ ասում են, որ Իրանից ներկրվում է միայն դիզվառելիք, ընդ որում՝ փոքր խմբաքանակով, ու անգամ այդ ծավալում գերակշռում է ոչ իրանական ծագման դիզվառելիքը, քանի որ իրանականը ցածրորակ է։

Օրերս իրանական Mehr գործակալությունը, հղում կատարելով Ջալիլ Սալարիին, տեղեկատվություն էր տարածել, թե Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներմուծումը Վրաստանից, ուստի Հայաստանը սկսել է այն ներմուծել Իրանից։ Սալարին ասել է, որ Իրանի մասնավոր սեկտորն առաջին փուլում նավթամթերք կարտահանի Հայաստան ավտոճանապահներով՝ հավելելով, թե նավթամթերքի արտահանումը այնուհետև կշարունակվի խողովակաշարով։

Ըստ Mehr գործակալության՝ փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ Իրանը բենզին և նավթամթերք կարտահանի հարևան Հայաստան։ Ըստ համաձայնագրի՝ Իրանը խողովակաշարով Հայաստան է մատակարարելու բենզին, դիզելային վառելիք, ինչպես նաև ավիացիայի համար նախատեսված վառելիք։ Համաձայնագրի գոյության ու այլ մանրամասների մասին «Օրակարգ»-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկություններ խոստացան տրամադրել առաջիկա օրերին։

Այս տեղեկատվությունը բավական ուշագրավ է հատկապես Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում։ Խնդիրն այն է, որ Հայաստանը պարբերաբար Իրանի տարածքն օգտագործում է նավթամթերքի ներկրման համար։ Իրականում, խոսքը ոչ մեծ ծավալների մասին է։

Ինչպես «Օրակարգ»-ին ասացին Հայաստանի վառելիքի շուկային քաջատեղյակ աղբյուրները, Հայաստան Իրանի տարածքով ներկրվում է միայն դիզվառելիք, որն ունի թուրքմենական ծագում։ Ներկրվում է նաև իրաքյան դիզվառելիք, ընդ որում՝ վերջինս բավական ցածրորակ է։ Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում Իրանից Հայաստան է ներկրվել 7-8 հազ. տոննա դիզվառելիք, այն դեպքում, երբ Վրաստանից ներկրվել է 25 հազ.։ Ստացվում է, որ Հայաստան ներմուծված դիզվառելիքի 1/4-ը ներկրվում է Իրանի տարածքով։

Հայաստանյան շուկայի հիմնական խաղորդները իրանական դիզվառելիք չեն ներկրում, քանի որ այն ցածրորակ է։ Բացի այդ՝ Իրանն արգելում է երկրից նավթամթերք արտահանել։ «Այսպես ասած իրանական ցածրորակ դիզվառելիքը, որը ավելի շատ իրաքյան ծագում ունի, Հայաստան է ներկրում հիմնականում մեկ ընկերություն։ Նույն ընկերությունը, արդեն Հայաստանում, այս դիզվառելիքը խառնում է ավելի որակյալի հետ ու իրացնում ներքին շուկայում»,– ասաց «Օրակարգ»-ի աղբյուրը։

Խողովակաշարը «սառել է»
Նշենք, որ Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի կառուցման նախագիծը, որն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել Ջալիլ Սալարին, քննարկվում է արդեն մի քանի տարի։ Ըստ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ նախնական պայմանավորվածությամբ նախագծի 50%-ն իրականացնելու է իրանական կողմը ուղղակի ներդրման եղանակով, 50%-ի համար էլ հայկական կողմին վարկ է տրամադրելու, որը խողովակաշարի շահագործումից հետո վերադարձվելու է շահութաբաժիններից:

Հիշեցնենք, որ Թավրիզ-Երասխ խողովակաշարի կառուցումը մեկնարկելու էր 2009թ., որը այնուհետև հետաձգվեց մինչև 2010թ. աշուն։ Մեկնարկը չտրվեց նաև անցած տարի։

Տարածաշրջանում վերջին զարգացումներից հետո $160-180 մլն ընդհանուր արժողությամբ նավթամթերքի տեղափոխման այս խողովակաշարի նախագծի հեռանկարները շարունակում են անորոշ մնալ։ Նախ՝ Հայաստանը պատրաստվում է նավթամթերք ներկրել մի երկրից, որը, թեև լինելով նավթ արդյունահանող երկիր, հազիվ է բավարարում բենզինի և դիզվառելիքի ներքին պահանջարկը։ Բացի այդ՝ միջազգային պատժամիջոցների պայմաններում Թեհրանը դժվար թե կարողանա ֆինանսավորել այդ նախագիծը։

Մեկնաբանել