Եվրոպայում պարտատոմսային փոխառությունների բում է

Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում եվրոպական ընկերությունները տեղաբաշխել են $179,5 մլրդ-ի պարտատոմս, ինչը 38%-ով գերազանցում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը (տվյալները՝ Dealogic-ի)։ Բանկային վարկերի ծավալը, ընդհակառակը, կրճատվել է 45%-ով՝ մինչև $112,9 մլրդ։ Հետաքրքրական է, որ եվրոպական ընկերությունները մշտապես ավելի շատ են վստահել բանկային փոխառություններին։ Օրինակ՝ 2007թ. 1-ին եռամսյակում ներգրավված վարկերի ծավալը 5 անգամ գերազանցել է տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը։ Հակառակ իրավիճակը դիտարկվել է 2009թ. 1-3-րդ եռամսյակներում, երբ պարտատոմսերի շուկան ավելի արագ էր հաղթահարում ճգնաժամի հետևանքները, քան բանկերը։ 

Ներկայում եվրոպական բանկերը բավական թույլ իրավիճակում են գտնվում եվրոպական պարտքային ճգնաժամի պատճառով և պատրաստվում են կյանքի կոչել կապիտալի և ակտիվների նկատմամբ պահանջների խստացման նորմերը։ «Բանկերի կապիտալի նոր կարգավորման դեպքում նրանց ձեռնտու չի լինի վարկերը հաշվեկշիռներին պահել»,- The Wall Street Journal-ին պարզաբանել է ԱՄՆ-ում ֆրանսիական BNP Paribas բանկի վարկավորման բաժնի ղեկավար Պատրիկ Մաքին։ Նրա կարծիքով՝ բանկերի համար միակ այլընտրանքը պարտքային ֆինանսավորման նպատակով կապիտալի շուկա դուրս գալն  է։ Կորպորացիաներին նաև ձեռնտու է  եվրոպական թույլ երկրների սուվերեն պարտատոմսերի նկատմամբ ներդրողների հետաքրքրության անկումը։

Որոշ ընկերություններ պարտատոմսեր են տեղաբաշխում՝ պահուստային միջոցներ ունենալու նպատակով։ «Հաշվի առնելով սուվերեն ռիսկի շուկայում տիրող թույլ դրությանը՝ նրանք վերաֆինանսավորում են ամբողջ պարտքը, որը հնարավոր է վերաֆինանսավորել այս ժամանակահատվածում»,- նշում է բրիտանական Royal Bank of Scotland-ի փորձագետ Ալբերտո Գալոն։

Մետաղագործական ArcelorMittal խոշոր ընկերությունը, օրինակ, տեղաբաշխել է $3 մլրդ-ի պարտատոմս։ Նավթաքիմիական LyondellBasell-ը, որը սնանկացման գործընթացն ավարտել է 2010թ., պարտքի վերաֆինանսավորման նպատակով ներգրավել է $3 մլրդ։ Նոր պարտատոմսերի եկամտաբերությունը 5-5,75% է՝ 8-11%-ի համեմատ. սրանք այն տոկոսադրույքներն են, որոնք ընկերությունները ներկայում վճարում են փոխառությունների դիմաց։

Բարձր վարկանիշ ունեցող եվրոպական ընկերությունների պարտատոմսերի միջին եկամտաբերությունն ընթացիկ ամսվա սկզբին կազմել է 3,57%՝ 2011թ. 4-րդ եռամսյակի 4,84%-ի համեմատ, ամփոփում է The Wall Street Journal-ը։