2012թ-ի վերջում Երևանում կբացվի ազգային ինժեներական լաբորատորիա

2011թ-ին Հայաստանի ՏՏ ոլորտը կրել է որակական փոփոխություններ: Մասնավոր-պետական համատեղ աշխատանքը տվել է իր արդյունքները: Այս կարծիքը հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր կայացած ՏՏ ոլորտի 2011թ-ի Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումների թեմայով մամլո ասուլիսի ժամանակ: Մասնավորապես, նա նշեց, որ 2011թ-ին բացված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը տարածաշրջանում 2-րդն է:

Խոսելով Հայաստանում նորաբաց ինովացիոն կենտրոնների մասին՝ նա նշեց, որ շուտով Nokia լաբորատորիան կտեղափոխվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Իսկ ընթացող 2012 տարվա հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին ՀՊՃՀ-ում  կստեղծվի ազգային ինժեներական լաբորատորիա՝ ավելի քան 32 ուղղություններով, որը կլինի բացառիկը տարածաշրջանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը նշեց, որ 2012թ-ի ՏՏ ոլորտի պետական ֆինանսավորումը նույնն է, ինչ 2011թ-ին էր՝ 80 մլն դրամ: «Այս գումարով ֆինանսավորվում են թե՛ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, թե՛ հայ-հնդկական ՏՀՏ լաբորատորիան, թե՛ մնացած լաբորատորիաները և թե՛ 2012թ-ին անցկացվելիք ՏՏ միջոցառումները»:

Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ մոտակա ՏՏԶԱԽ նիստում ՀՀ վարչապետին ներկայացվելու են 2012թ-ին ՏՏ ոլորտում նախատեսվող միջոցառումները, որոնց թվում են Արմթեք կոնգրեսը, Դիջիթեքը և այլն: Նա ընդգծեց, որ այս տարի Արմթեքն անցկացվելու է ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Վահե Դանիելյանի խոսքով հնարավոր է, որ ՁԻՀ-ը շուտով ներկայանա իր մասնաճյուղով Սիլիկոնյան հովտում: