Կարելի՞ է հավատալ բռնապետին

Ներքաղաքական կոնֆլիկտներում բռնապետերի պարտավորությունների խնդիրը շատ ավելի լուրջ է, քանի որ բռնապետին ստիպել դադարել լինել այնպիսին, ինչպիսին կա, գրեթե անհնար է։ «Խաղաղ ժողովրդավարացման» դեպքերն աշխարհում քիչ չեն, սակայն դրանցում ընդդիմության հետ համաձայնության գնացել է կոշտ բռնապետերի ժառանգորդների սերունդը, որը գիտակցել է փոփոխությունների անհրաժեշտությունը, և որ ամենակարևորն է՝ չի թափել ընդդիմադիրների արյունը։

Արաբական գարունը գործող վարչակարգի ազատականացման միայն մի հաջող սցենար կյանքի կոչեց՝ Մարոկկոն։ Միայն մի բռնապետի հետ հաջողվեց «լավով պայմանավորվել», այն էլ հեռացավ նա (Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը) 7 ամիս ձգձումներից հետո։ Մուամար Կադաֆիի հետ ոչինչ պայմանավորվել չստացվեց։ Չի ստացվում նաև Բաշար ալ Ասադի հետ Սիրիայում։

Հաճախ բռնապետերի հանցագործությունների վրա աշխարհը աչք է փակել, քանի որ նրանք «շանորդիներ» են եղել գերտերությունների աշխարհաքաղաքական առճակատումներում կամ տնօրինել են կարևոր ռեսուրսներ։ Ասադին դա դժվար թե հաջողվի։ Սիրիական կոնֆլիկտի հարցում արտաքին ուժերի դիրքորոշումն առաջին հերթին հիմնված է այն պնդման վրա, որ երկրի ներսում հակամարտության կարգավորման հարցում Ասադը ոչինչ չի արել։ Սահմանադրության «ժողովրդավարացնող» փոփոխությունները հանրաքվեում ընդունվեցին ակտիվ ցույցերի սկսելուց միայն 11 ամիս անց։ Այդ «ժողովրդավարականՍահմանադրությամբ» միայն 14 տարի հետո երկիրը կդադարի կառավարել Ասադ ազգանվամբ մարդը։ 2011թ. նոյեմբերին ընդունելով Արաբական պետությունների լիգայի խաղաղ ծրագիրը՝ Ասադի վարչակարգը մատը մատին չտվեց՝ այն իրականացնելու համար։ Այժմ բանավոր ընդունելով Քոֆի Անանի նոր ծրագիրը՝ Ասադը «ահաբեկչական կազմակերպություններից պահանջում է բռնության դադարեցման գրավոր երաշխիքներ»։ Իսկ ե՞րբ են ահաբեկչական կազմակերպությունները գրավոր երաշխիքներ տվել։

Սակայն բռնապետերի հետ համաձայնության գալ, այնուամենայնիվ, պետք է՝ հանուն արյունահեղության դադարեցման՝ թեկուզ ժամանակավոր։ Ուժեղ ճնշման դեպքում՝ ներքին և արտաքին, աղոտ շանս մնում է։ Սակայն Սիրիայում արյուն է հեղվել, ինչը Ասադին չեն ների ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ Արևմուտքը, ո՛չ արաբ եղբայրները։ Այդ իսկ պատճառով դժվար է պատկերացնել մի սցենար, որի դեպքում Սիրիայում կվերականգնվի խաղաղությունն ու հանգստությունը, քանի դեռ իշխանության է Բաշար ալ Ասադը։