«Համակարգիչներ բոլորի համար» ծրագրի 1-ին փուլում վաճառվել է 17 000 համակարգիչ

Եթե նախկինում Հայաստանում համակարգիչների օգտագործումը տնային տնտեսությունների կողմից 5% էր կազմում, ապա 2010թ-ին, երբ մեկնարկեց «Համակարգիչ բոլորի համար» պիլոտային ծրագիրը, այս ցուցանիշը բարձրացավ մինչև 20%: Նախատեսվում է, որ հետագայում ծրագրի շնորհիվ ցուցանիշը կբարձրանա 30-40%-ով: Այս մասին այսօր մամլո ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, մեկ ամսից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցելու են Dell, Asus և HP ընկերությունները:

«Համակարգիչներն արդեն ճանապարհին են, հասանելի են լինելու հանրապետության 60 խանութներում: Մեր հիմնական շեշտադրումն է լինելու ծրագիրը հասանելի դարձնել մարզերի համար: ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկն արդեն ութ բանկերի հետ պայմանագրեր են կնքել»,- ասաց նա և հավելեց, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի առաջին փուլում վաճառվել են 17 000 համակարգիչ:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2009թ-ի սեպտեմբերին: Ծրագրի շրջանակներում վաճառվում են համակարգիչներ ապառիկ պայմաններով՝ առանց տոկոսադրույքի: Ծրագրի նպատակն է էականորեն բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը: