Քլինթոնը գնահատել է Text from Hillary կայքի հումորը

ԱՄՆ-ում անցյալ շաբաթ բացվել է Text from Hillary (հաղորդագրություն Հիլարիից) կայքը, որի «գլխավոր հերոսուհին» ԱՄՆ-ի պետքարտուղար  Հիլարի Քլինթոնն է: Մի քանի օրերի ընթացքում կայքը բազմաթիվ երկրպագուներ է հավաքել, հատկապես` ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում:

Text from Hillary-ում գրեթե ամեն օր ծիծաղաշարժ ֆոտոկոլաժներ են հայտնվում, որոնց մի մասն անփոփոխ է մնում։ Օրինակ՝ պետքարտուղարը, ինքնաթիռում նստած,  բջջային հեռախոսով հաղորդագրություն է գրում: Կայքի հեղինակներն այս նկարին ավելացնում են հայտնի ամերիկացի դերասանների, քաղաքական գործիչների և հաղորդավարների նկարներ՝ դրանք ուղեկցելով ծիծաղելի մեկնաբանություններով:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, գնահատելով կայքի հեղինակների հումորը, երեկ նրանց հրավիրել էր պետդեպարտամենտ և մի քանի նոր գաղափար առաջարկել նկարների տակ դրվող մեկնաբանությունների վերաբերյալ:

Հիլարի Քլինթոնի «ընկերների» շարքում կարելի է հանդիպել նրա ամուսնուն` ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, երկրի ներկայիս նախագահ Բարաք Օբամային, դերասանուհի Մերիլ Սթրիփին, երգչուհի Լեդի Գագային և այլ հայտնի մարդկանց: