Ժառանգության դեմարշը՝ ՀՀԿ-ի սրտով

Այդ նախաձեռնության տակ ստորագրած կուսակցությունների թիվը կարող է պակասել: Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ քննարկման ժամանակ «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ իրենց ստորագրությունը ուժի մեջ կմնա միայն այն դեպքում, եթե հռչակագրի տակ ստորագրեն բոլոր կուսակցությունների առաջին դեմքերը։

«Ժառանգության» այս առաջարկը տրամաբանական կլիներ, եթե չլինեին մի շարք եթեներ: Նախ՝ ի՞նչ խնդիր կարող է լուծել առաջին դեմքերի ստորագրությունը հռչակագրի տակ: Եթե այդ ստորագրությունները երաշխիք են, որ չորս կուսակցությունները պահպանեն ձեռք բերված համաձայնությունը, ապա կարելի է ասել, որ հայաստանյան իրականության մեջ ոչ մի ստորագրություն ոչ մի երաշխիք չի կարող լինել: Բացի այդ՝ կասկածի տակ է առնվում միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարության տակ ստորագրած կուսակցությունների ներկայացուցիչների լեգիտիմությունը: Այսինքն՝ Ռուբեն Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդան Օսկանյանն ու Լևոն Զուրաբյանը առանց իրենց քաղաքական ուժերի առաջնորդներին տեղյակ պահելու ինքնագլուխ նախաձեռնել են միասնական շտաբը, իսկ հիմա եկել է պահը լեգիտիմացնելու այդ քայլը քաղաքական ուժերի առաջնորդների մակարդակով, ինչը կատարյալ անհեթեթություն է:

Եթե նույնիսկ համարենք, որ Ռուբեն Հակոբյանի առաջարկությունը տրամաբանական է, ապա ներկա իրավիճակում չորս տարբեր բևեռներում գտնվող այդ քաղաքական ուժերի առաջնորդներին նույն սեղանի շուրջ նստեցնելը գործնականում անհնար է: Հնարավոր է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները, հաշվի առնելով դա, պարզապես պատրվակ են փնտրում միասնական շտաբից դուրս գալու համար: Այս պարագայում նման քայլն առնվազն կասկածելի կլինի: Ընտրությունների վերահսկման նպատակ հետապնդող միասնական շտաբը աննախադեպ երևույթ է Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում: Դրանում միավորվել են հակադիր բևեռներում գտնվող քաղաքական ուժեր՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությամբ:

Նշենք նաև, որ այդ քաղաքական ուժերը՝ միասին վերցրած, ընտրությունները վերահսկելու առումով ահռելի մարդկային ռեսուրսների են տիրապետում: Եթե «Ժառանգությունը» դուրս է գալիս այդ ձևաչափից, ապա կարելի է պնդել, որ նա միայնակ չի տիրապետում համապատասխան ռեսուրսների՝ ընտրությունները վերահսկելու առումով, և անհասկանալի է, թե ինչպես է պայքարելու ընտրախախտումների դեմ:

Հավելենք, որ ՀՀԿ-ն ևս հրաժարվել է միանալ հանրային միասնական շտաբին, և գնահատականներ են հնչում, որ այդ շտաբն ուղղված է ՀՀԿ-ի դեմ: Իսկ եթե ՀՀԿ-ն համարում է, որ այդ շտաբի գործունեությունն ուղղված է իր դեմ, ապա ստացվում է, որ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը հակասում է ՀՀԿ կենսական շահերին: Չընդգրկվելով այդ շտաբում՝ արդեն իսկ կասկած է առաջանում, որ հանրային միասնական շտաբն այնքան էլ ՀՀԿ-ի սրտով չէ: Այս ֆոնին «Ժառանգության» դեմարշը հավանաբար ՀՀԿ-ի սրտով է:

Հ.Գ. Ռուբեն Հակոբյանի այս քայլից հետո Արմեն Ռուստամյանը արձագանքել է. «Շարքերը բյուրեղանում են»:

Մեկնաբանել