Երևանում փակցվել է 825 գրատախտակ՝ նախընտրական գովազդների համար

Երևան համայնքում նախընտրական պաստառները կփակցվեն նախատեսված գրատախտակներին: Այսօր կայացած ասուլիսին Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրել է նախընտրական շրջանում անվճար արտաքին գովազդի կանոնակարգված պայմաններին:

«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քարոզչության հավասար պայմաններ ապահովելու՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջը բավարարելու համար Երևանի քաղաքապետարանն անվճար գովազդի 825 գրատախտակներ է փակցրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, 264 վայրերում. ընտրված են հատկապես այն տարածքները, որոնք տարիների ընթացքում նախընտրական պաստառներ փակցնելու քրոնիկ վայրեր են դարձել: Նման մոտեցում կիրառվում է առաջին անգամ»,- պարզաբանել է նա:

Քաղաքական անվճար գովազդի գրատախտակները ստանդարտ չափսեր ունեն, և օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով սահմանվել են նաև պաստառների չափսերն ու քանակը՝ մեկ գրատախտակի վրա:

Մինչև 3 գրատախտակ ծավալի վայրերում յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, կարող է փակցնել A3 չափի մեկ պաստառ, և նույն վայրում 3-ից ավելի գրատախտակի առկայության դեպքում՝ A3 չափի երկու պաստառ: Արազ Բաղդասարյանն ընդգծել է, որ պայմաններին չհամապատասխանող պաստառները գրատախտակներից հեռացվելու են՝ ՀՀ ոստիկանության աջակցությամբ:

Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա փակցվող գովազդներին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր համաձայնությունը: Բազմաբնակարան շենքերի պարագայում անհրաժեշտ է համատիրության համաձայնությունը, որը տրվում է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնության՝ ստորագրությունների առկայության դեպքում: Այնուհետ գովազդատուն պետք է պայմանագիր կնքի համատիրության հետ՝ համատիրության սահմանած սակագներով, ինչպես սովորական գովազդի դեպքում: Շենքը գովազդային տարածք է հանդիսանում, եթե ճարտարապետական կամ ֆունկցիոնալ այլ տեսանկյունից անթույլատրելի չէ:

Մեկնաբանել