Լոնդոնցիները դատի են տալիս օլիմպիական խաղերը

Գործարարների կարծիքով՝ թեև օլիմպիական խաղերը զգալիորեն կնպաստեն Լոնդոնի վարկանիշի բարձրացմանը, լրջորեն կվնասեն նաև փոքր ձենարկություններին, հաղորդում է բրիտանական  The Telegraph-ը։ Ըստ պարբերականի՝ հայցի նախաձեռնողները Լոնդոնի արևելյան մասում տեղակայված տրանսպորտային ընկերությունների, ավտոտնակների, սրճարանների և խանութների սեփականատերերն են։ Նրանց կարծիքով՝ այդ վնասները պայմանավորված կլինեն Լոնդոնի իշխանությունների կողմից խաղերի ընթացքում փողոցներում նախատեսվող մի շարք սահմանափակումներով։

Լոնդոնի իշխանությունները հավաստիացնում են, որ առավելագույն ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրներից խուսփալու համար, սակայն դա ամբողջովին հնարավոր չէ իրականացնել։ Ներկայում Լոնդոնում օրական 12 մլն տրանսպորտային փոխադրում է իրականացվում, և խաղերի ընթացքում դրանք կավելանան 3 մլն-ով։

Ըստ կազմակերպչական խորհրդի՝ Օլիմպիադայում ներդրված յուրաքանչյուր ֆունտի 75 պենսը ապագայում կուղղվի արևելյան Լոնդոնի՝ մասնավորապես Սսրատֆորդ թաղամասի զարգացման ծրագրերին, որտեղ ներկայում Օլիմպիական այգին է։ Ընդ որում՝ Լոնդոնի հենց այս շրջանը համարվում է քաղաքի ամենակեղտոտ և անհանգիստ մասերից մեկը։