Մարիանո Ռախոյ․ խաղադրույքն Իսպանիայի ապագայի վրա է

Իսպանիայի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն ընդհուպ մոտեցել է 6%-ի մակարդակին։ 7-տոկոսանոց շեմը «հաղթահարելուց» հետո Իռլանդիան, Հունաստանը և Պորտուգալիան հարկադրված էին դիմել միջազգային վարկատուների աջակցությանը։

«Անկասկած, այժմ խաղադրույքը Իսպանիայի ապագայի վրա է կատարված։ Խնդիրն այն է, որ հնարավոր է՝ շուկաները մեզ պարտքով գումար տրամադրեն, սակայն հնարավոր է նաև՝ չտրամադրեն»,- խորհրդարանականների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն է հայտնել Ռախոյը։

Ներկայում Իսպանիայի կառավարությունը դիտարկում է երկրի բյուջեի ծանրաբեռնվածությունը թուլացնելու հնարավոր բոլոր տարբերակները։ Միաժամանակ՝ Եվրոպական կենտրոնական բանկը փորձում է «խելքի բերել» պարտքային շուկայի մասնակիցներին։ Մինչդեռ այս ընթացքում իսպանական տնտեսության աճը շարունակում է դանդաղել։ Իսպանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալն անցած տարվա համեմատ կրճատվել է 5,1%-ով։