2011թ-ին ՊԵԿ-ը գրանցել է 7,5 մլրդ դրամի մաքսանենգության դեպք

2011թ-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ մամլո ծառայությունից:

Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի, հայտնաբերվել են 19-րդ դարի կտակարաններ և այլ իրեր, մոտ 4կգ ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5մլն դրամը գերազանցող մոտ 40 000 ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը:

«ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ «մետամֆետամին» և 11 կիլոգրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցների ներկրումը»,- նշել է Սամվել Սանամյանը:

ՊԵԿ-ը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում:

«Շարունակում ենք ակտիվ համագործակցել եվրոպական և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: Դա է վկայում օրերս աշխատանքային այցով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ պարոն Կալետնիկի ժամանումը Հայաստան»,- նշել է Սամվել Սանամյանը: Հանդիպման ժամանակ ստորագրվել է 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր, որն առավել արդյունավետ կդարձնի նաև մաքսային իրավախախտումների դեմ պայքարը:

Մեկնաբանել