«Երջանկության մեդիտացիա»՝ ըստ Լեո Լեոյի

Լեո Լեոն կրթություն է ստացել Երևանի պետական գեղարվեստական ակադեմիայի գեղանկարի բաժնում: 1998 թ-ից անդամակցում է Նկարիչների միջազգային ֆեդերացիային և Ռուսաստանի նկարիչների միությանը: 2008 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա գործերը ցուցադրվել են «Դալան» արվեստի պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև Մոսկվայում ու Պրահայում:

Գեղանկարիչը հավատացած է, որ «աբստրակտ ասվածով հնարավոր չէ ամբողջովին բացահայտել արվեստագետին»: «Եթե նկարչությունը ֆիգուրատիվ չէ, դա չի նշանակում, թե վերացական մի բան է: Հնարավոր է՝ կոնկրետ առարկա, պատկեր չտեսնելով՝ զգալ իրավիճակը, էներգիաները», ասում է Լեոն:

Նրա կտավների կոմպոզիցիան ցանցի կառուցվածքի վրա է հենվում: Ցանցը, որը Լեոն «մատրիցա» է անվանում` նկատի ունենալով նրա ծնող, ստեղծող բնույթը, հայտնի է արվեստի պատմությանը. այն բազմաթիվ աբստրակցիոնիստներ են կիրառել` Մոնդրիանը, Մալևիչը, Ռեյնհարդը եւ այլք:

Արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը Լեոյի նվաճումներից է համարում այն, որ նա կարողացել է գտնել գույների այնպիսի երանգներ, որոնց համադրումը յուրօրինակ աուրա է ստեղծում: «Լույսի և գույնի հարաբերությունը նրա կտավներին առանձնահատուկ նրբություն է հաղորդում»,-ասում է արվեստագետը:

Ըստ նկարչուհի Մոկո Խաչատրյանի՝ Լեոն դեռևս որոնման շրջանում է: «Ես ծանոթ եմ նրա ֆիգուրատիվ աշխատանքներին, այս շարքը նորություն է ինձ համար, սակայն կարծում եմ, որ նա հետաքրքիր ճանապարհ ունի առջևում»- ասում է նկարչուհին: Իսկ Լեոն հվատացած է, որ գտել է իր հարազատ տարերքը: Փորձելով սեփական ուժերը տարբեր ուղղություններում՝ նա եկել է այն եզրակացության, որ արտացոլմանն արժանի միակ բանը մարդու եսն է: «Բոլոր «իզմերը» արվեստը փակուղի են բերել: Ամեն ինչ արդեն արված է: Միակ բանը, որ արվեստագետն ունի, և որն իմաստ ունի առաջարկել` իր եսի անմիջական մեկնաբանությունն է»,- ասում է Լեոն:

Շարքն ավարտուն չէ և դեռ կհարստանա նոր կտավներով: «Կտավներում լույսն է, որն ինքնին անսահմանության, անվերջության կրողն է, այդ պատճառով էլ շարքը չի կարող ավարտվել», ասում է Լեո Լեոն:

Գեղանկարչական մեդիտացիաներին կարելի է հաղորդակցվել մինչև ապրիլի 19-ը:

Մեկնաբանել