Ֆրանսիայում մեկ տարվա ընթացքում 300 մուսուլմանուհի է տուգանվել

2011թ. ապրիլի 11-ին Ֆրանսիայում ուժի մեջ մտավ հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստ (փարաջա, նիկաբ, բուրքա) կրելն արգելող օրենքը։ Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում տուգանվել է մոտ 300 կին։ Օրենքը խախտելու դեպքում կանանց սպառնում է €150 տուգանք կամ «բարեկանոն քաղաքացու» պարտադիր դասընթացներ։ Օրենքը նաև նախատեսում է €30 հազ. տուգանք ու մեկ տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր կնոջը կստիպեն ծածկել դեմքը։ Պատժաչափը կրկնապատկվում է, եթե կինն անչափահաս է։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պիեր Անրի Բրանդեն պարզաբանել է, որ մեկ տարվա ընթացքում իրականացվել է 354 ստուգում և 299 տուգանք նշանակվել։ Ընդ որում՝ օրենքը ընդունելիս քաղաքական գործիչները փարաջա կրող կանանց թիվը 2000 էին գնահատել։ Այս տարվա հունվարին երկրի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հայտարարեց, որ օրենքի ընդունման արդյունքում դեմքը ծածկող կանանց թիվը կրճատվել է երկու անգամ։

Միևնույն ժամանակ «Ձեռքներդ հեռո՛ւ քաշեք իմ Սահմանադրությունից» ասոցիացիայի հիմնադիր, ծագումով ալժիրցի ֆրանսիացի գործարար Ռաշիդ Նեքազը այլ թվեր է ներկայացնում, գրում է La Parisien-ը։ Նրա կազմակերպության հաշվարկներով՝ անցյալ տարվա ընթացքում փարաջայի պատճառով տուգանվել է 367 կին։ Նրա խոսքով՝ այդ կանայք ստիպված են եղել ոստիկանական բաժանմունքներում անցկացնել 1,5-3 ժամ։

Բացի այդ՝ Նեքազը նշել է, որ տուգանված կանանց 2/3-ը այրի կամ չամուսնացած է եղել, ինչը, ըստ նրա, վկայում է, որ մուսուլմանուհիները դեմքը ծածկում են ոչ ամուսինների ճնշման ներքո։

Հիշեցնենք, որ օրենքի նախաձեռնողներից մեկը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էր։ Նրա կողմնակիցները հայտարարում էին, որ այն ուղղված է կանանց իրավունքների պաշտպանությանը։ Օրենքի քննադատները, հակառակը, այն համարում էին մարդու իրավունքների ոտնահարում։ Նրանք նշում էին, որ Սարկոզին հավանություն տվեց օրենքին նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։