Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջնությունը

Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում է: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերությունը:

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում:

«Սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Անցյալ տարվա առաջնության ժամանակ ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Մրցույթին մասնակցում էին նույնիսկ դպրոցականներ: Ակնկալում ենք, որ այս տարի նախագծերն էլ ավելի հետաքրքիր կլինեն»,- ասել է ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն կոմունիկացիոն հավելված: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ: 

Առաջնությունը չունի տարիքային և նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Մրցույթը կամփոփվի հոկտեմբերի 20-ին:

Եզրափակիչ փուլում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մասնակիցների մշակած խաղերը և համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերությունների աշխատանքները:

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման առաջին առաջնությունը անցկացվել է 2011թ: Առաջնությանը մասնակցում էին 25 թիմեր, որոնք ներկայացնում էին ինչպես գրաֆիկ ստուդիաներ, այնպես էլ ուսանողների և անգամ դպրոցականների խմբեր: