Միջազգային մրցույթ՝ հայ- ռուսական բարեկամության թեմայով

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ուսանողների և աշակերտների համար անցկացնում են «Հայ- ռուսական դարավոր կապերը. բարեկամություն՝ ուղղված ապագային» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ՝ «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով:

VIII միջազգային մրցույթը հայտարարվել է 2012 թվականի ապրիլի 1-ից եւ կանցկացվի մինչև հունիսի 15-ը։ Արդյունքները կհրապարակվեն 2012 թ. սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերին` «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում-2012» ծրագրի շրջանակներում:

Մրցույթի նպատակն է Հայաստանի, Արցախի ու հայկական սփյուռքի երիտասարդությանը հաղորդակից դարձնել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմությանը, Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերների համատեղ գործունեության հեռանկարային ուղղություններին, ամրապնդվող բարեկամությանն ու դաշնակցային հարաբերություններին:

Մրցութային աշխատանքներում պետք է արտացոլված լինեն մասնակցի պատկերացումներն առաջադրված թեմայի վերաբերյալ, Ռուսաստանի և Հայաստանի, ռուս և հայ ժողովուրդների ներկա ու ապագա փոխհարաբերությունների ձևավորված տեսլականը, ինչպես նաև ռուսաց լեզվի, մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Առաջին երեք տեղերը նվաճողները կպարգևատրվեն Notebook-երով և դիպլոմներով:

Մեկնաբանել