Տեղաբաշխվել են €3,87 մլրդ-ի գերմանական և €11 մլրդ-ի իտալական պարտատոմսեր

Աճուրդի ընթացքում Գերմանիայի կառավարությունը մտադիր էր €5,07 մլրդ ներգրավել, սակայն ներդրողները միայն €4,109 մլրդ-ի հայտ են ներկայացրել։ Արդյունքում տեղաբաշխվել է €3,87 մլրդ-ի արժեթուղթ։ Այսպիսով՝ 2011թ, նոյեմբերից ի վեր՝ գերմանական պետպարտատոմսերի առաջարկն առաջին անգամ գերազանցել է պահանջարկը։

Գերմանիայի ԿԲ-ն (Բունդեսբանկ), որ զբաղվում է պետպարտատոմսերի տեղաբաշխմամբ, առաջարկել է 1,75% եկամտաբերությամբ և մինչև 2022թ. հուլիսը մարման ժամկետ ունեցող արժեթղթեր։ Սակայն ամբողջ թողարկման համար գնորդներ չեն գտնվել, ուստի Բունդեսբանկը «իրեն է պահել» արժեթղթերի 22,6%-ը. սա ամենամեծ մասնաբաժինն է, որ ընթացիկ տարում սովորական բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ մնացել է Գերմանիայի ԿԲ-ի մոտ։

Հիշեցնենք, որ նախորդ տեղաբաշխման ժամանակ՝ փետրվարի 29-ին, գերմանական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 1,83%։

Ի դեպ՝ այսօր պարտատոմսեր է տեղաբաշխել նաև Եվրամիության խնդրահարույց երկրներից մեկը՝ Իտալիան։ Այն տեղաբաշխել է €11 մլրդ-ի գանձապետական մուրհակներ՝ 3 և 12 ամիս մարման  ժամկետով։ Ընդ որում՝ նախորդ տեղաբաշխումների համեմատ դրանց եկամտաբերությունը կրկին աճել է։

Մասնավորապես՝  3-ամսյա մուրհակների եկամտաբերությունը (տեղաբաշխվել է €3 մլրդ ծավալով) կազմել է 1,249%՝ նախորդ 0,492%-ի համեմատ։ Մինչև 2013թ. ապրիլի 12-ը մարման ժամկետ ունեցող մուրհակների եկամտաբերությունը (տեղաբաշխվել է €8 մլրդ-ի) աճել է մինչև 2,840%՝ նախորդ 1,405%-ի համեմատ։

Եկամտաբերության նման աճը շուկայի մասնակիցները պայմանավորում են նրանով, որ Իտալիայի կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումները չափազանց դանդաղ են կյանքի կոչվում։ Իտալիայի դրամավարկային իշխանությունները, իրենց հերթին, նշում են, որ պարտատոմսերի եկամտաբերությունն աճում է եվրոգոտու երկրների պարտքային շուկայի ընդհանուր լարվածության ֆոնին։