Երկրաշարժեր ինդոնեզիայում․ ցունամիի վտանգ չկա

«Տեխնիկական տվյալները վկայում են, որ վտանգի մակարդակը նվազել է կամ վտանգն ընդհանրապես բացակայում է շրջանների մեծ մասում»,- ասված է Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի հայտարարությունում։

Սեյսմաբանների տվյալներով՝ այսօր Սումատրայի արևմտյան ափի մոտ ընդհանուր առմամբ 14 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ամենահզոր երկրաշարժի մագնիտուդը ինդոնեզացի մասնագետները գնահատել են 8,9, իսկ ԱՄՆ-ի երկրաֆիզիկայի ինստիտուտի փորձագետները՝ 8,7։

Նրա էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքից (Աչեհ նահանգի մայրաքաղաքն է) 495 կմ հարավ-արևմուտք՝ 33 կմ խորության վրա։ Ինչպես ենթադրվում էր, հենց այս երկրաշարժը կարող էր առաջացնել Ինդոնեզիային ու տասնյակ այլ պետություններին սպառնացող ցունամի։

Մի քանի ժամ անց գրանցվեց ևս մի հզոր երկրաշարժ՝ 8,2 մագնիտուդ ուժգնությամբ։ Էպիկենտրոնը գտնվում էր Բանդա Աչեհից 615 կմ հարավ-արևմուտք. օջախը մոտ 16,4 կմ խորության վրա էր։ Դրանից հետո ցունամիի վտանգը կրկնակի հայտարարվեց։

Ինդոնեզիայի ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի պատճառով Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հրապարակեց պետությունների ցուցակը, որոնց կարող է սպառնալ «հսկա ալիքը»։ Այդ երկրների թվում էին՝ Ինդոնեզիան, Հնդկաստանը, Շրի Լանկան, Ավստրալիան, Մյանմարը, Թաիլանդը, Մալդիվյան կղզիները, Մալայզիան, Մավրիկիան, Սինգապուրը, Սեյշելյան կղզիները, Պակիստանը, Սոմալին, Օմանը, Մադագասկարը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Բանգլադեշը, Տանզանիան, Մոզամբիկը, Քենիան և Հարավային Աֆրիկայի մի քանի երկիր։

Տուժածների և լուրջ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվել։

Հիշեցնենք, որ նույն շրջանում 9,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 2004թ. հանգեցրեց ցունամիի հսկա ալիքի առաջացման։ 2004թ. դեկտեմբրի 26-ի ցունամիի հետևանքով Հարավարևելյան Ասիայի 11 երկրում զոհվեց մինչև 300 հազ. մարդ։

Մեկնաբանել