Չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստատեսությանը։ Հարցազրույցում ի շարս տարբեր հարցերի՝ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրին, ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը։

– Դուք պարբերաբար կապի մեջ եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կոնկրետ աջակցություն եք ակնկալում Ռուսաստանից:

– Այն աջակցութունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք, և չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այնքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը:

– Դա կարևոր հարցերից մեկն է։ Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով:

Ամբողջական հարցազրույցը՝ Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Տե՛ս նաև՝ Ադրբեջանը միշտ պատրաստվում էր Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը․ Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանել