Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար․ Արծրուն Հովհաննիսյան

Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին. Ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել էր, որ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:

«Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»: