Շուշիի ճակատամարտի ելքը պարզ կդառնա վաղը. Արծրուն Հովհաննիսյան

Թե ում վերահսկողության ներքո է Շուշին՝ պարզ կդառնա վաղը։ Նման կարծիք հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ 

«Քաղաքում ու քաղաքի շրջակայքում ռազմական գործողություններ են ընթանում, մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար, որոշ դիրքերում, որտեղ հայտնվել են վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու ու լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ»,-հայտարարեց նա՝ շեշտելով, որ ամբողջ ցերեկ ընթացել են համառ մարտեր ու հստակ հնարավոր չէ ասել՝ ում կողմն է նախաձեռնությունը։ Ադրբեջանական զինուժը ահաբեկչական խմբերի հետ միասին մեծաքանակ ուժերով ներթափանցել է քաղաք, սակայն հայկական զինուժը վերախմբավորվել ու հակառակ գործողությունների է դիմել։ 

Հովհաննիսյանի բնութագրմամբ՝ Շուշիի 3-4 օր տևող ճակատամարտի ելքը վաղը պարզ կլինի. «Ենթադրում եմ՝ վաղը կավարտվի»,- ասաց Հովհաննիսյանը։ Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, որ Շուշին Ադրբեջանի վերահսկողության ներքո է, հասարակությանը կոչ արեց չհենվել այդ հայտարարությունների վրա, «թե շատ ոգեղեն, թե շատ ընկճող տրամադրություններ պետք չէ անել»։ Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը հիշեցնում է՝ 1992-ին եղել է իրավիճակ, երբ Շուշին հայկական զինուժի վերահսկողոթյան ներքո չի եղել և ոչ էլ Մարտակերտը, բայց եթե մինչև վերջ կռվելու վճռականություն կա, որևէ առանձին քաղաք որևէ բան չի նշանակում. «Ալիևը շատ հաճախ շտապում կամ երազանքը իրականության տեղ է ներկայացնում։ Եթե զորքը որպես միավոր կա, գոյություն ունի, կարող է հարձակման անցնել, կարևորը զորքի պահպանումն է։ Վստահաբար մեզ մոտ շատ լավ է իրավիճակը»,- ներկայացրեց նա՝ վստահեցնելով, որ հակառակորդին չի հաջողվել քաղաքն ու Շուշի տանող ճանապարհներն  ամբողջությամբ վերահսկել։ Այդ ճանապարհների մի մասը վերահսկվում է հայկական զինուժի կողմից, մի մասը՝ հակառակորդի։ 

Արցախի հյուսիսում՝ Մատաղիսի ուղղությամբ, հարձակումներ են եղել, Մարտունիի ուղղությամբ առավոտյան ադրբեջանցիները գրավել են հայկական դիրք, սակայն հետո հետ են շպրտվել, Հադրութից արևմուտք էլ ՊԲ բնագծերի ուղղությամբ ծանր մարտեր են ընթացել, հաջողվել է 1-2 գրոհ հետ մղել:

«Երևում է, որ այսօր ավելի համառ էին գործում»,- մարտական գործողությունների ընթացքը բնութագրեց ՊՆ ներկայացուցիչը։