Շուշի-Քարին տակ հատվածում հակառակորդը նահանջել է. ՊԲ

Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է, յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Այս մասին հայտարարել է պաշտպանության բանակը՝ հավելելով, որ  նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: 

«Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Հետքի