Մինուս հինգ

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամը և Civilnet.am-ը, Counterpart International կազմակերպության օժանդակությամբ, «Ընտրամարտ–2012» ծրագրի շրջանակում կազմակերպել էին առաջին հրապարակային քննարկում-հանդիպումը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր բոլոր ինը քաղաքական ուժերին, սակայն եկել էին չորսը՝ ՀՅԴ-ից՝ Արա Նռանյանը, «Միավորված հայեր»-ից՝ Աշոտ Երանոսյանը, «Ժառանգություն»-ից՝ Արմեն Մարտիրոսյանը, Կոմկուսից՝ Վազգեն Սաֆարյանը: Քննարկումը վարում էր «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Միջոցառման որոշ հարցուպատասխաններ՝ կրճատումներով, ներկայացված են ստորև:

Հարց. Տնտեսության նկատմամբ մոտեցումը կարող է լինել սոցիալիստական և լիբերալ։ Լիբերալ կամ սոցիալիստական այլըտրանքի տեսանկյունից՝ ի՞նչ են առաջարկում ձեր կուսակցությունները։

Ա.Ն. – Հայաստանում իրականում ոչ թե լիբերալիզմ է, այլ նեոլիբերալիզմ, որը որևէ կապ չունի ժամանակակից ազատ շուկայական տնտեսության հետ, ինչպիսին կարող ենք տեսնել ԱՄՆ-ում, Եվրամիությունում և զարգացած այլ երկրներում։ Այսինքն՝ սա նեոլիբերալիզմ է, որը երկրորդ փորձն է Լատինական Ամերիկայից հետո և կայացվեց նախկին խորհրդային մի շարք երկրներում։ Այն, ինչ առաջարկում է ՀՅԴ-ն, նորմալ տնտեսավարում է, նորմալ տնտեսական քաղաքականություն, որը բնորոշ է զարգացած երկրներին։ Մեր քաղաքականությունը բխում է երկրի ազգային շահերից։ Լինելով ընկերվարական և ունենալով ընկերվարական տարբեր լուծումներ՝ մենք դեմ ենք այդ քաղաքականության գաղափարականացմանը։ ԵՄ-ում գոյություն ունեն ձախեր և աջեր։ Կախված իրավիճակից՝ իշխանության է գալիս մեկը կամ մյուսը, և հասարակությունն ինքն է տեսնում, թե որ պահին որ ուժը պետք է գա իշխանության։ Այսինքն՝ հակակշիռների, քաղաքական մրցակցության պայմաններում բարեփոխվում է նաև տնտեսական քաղաքականությունը, ինչը թույլ է տալիս ժամանակին համընթաց քայլել։ Հայաստանում դա չկա։

Ա.Ե. – Մենք որպես տնտեսական իրագործելի ծրագիր համարում ենք տնտեսությունում լիբերալիզմի և սոցիալիզմի տեսակարար կշիռների ճիշտ համակցման արդյունքը։ Մեկին տալ նախապատվությունը մյուսի նկատմամբ ճիշտ չէ։ Հարկային բեռի առկայությունն ակնհայտ է, բայց առանց հարկահավաքման՝ բյուջեի ձևավորման հիմնական հատվածը կարող է ճնշվել։ Այստեղ մենք կողմ ենք դիֆերենցված մոտեցմանը։ Մասնավորապես՝ նորաստեղծ ձեռնարկություններն առաջին երկու կամ երեք տարին պետք է ազատվեն շահութահարկից։ Հարկային ծանր բեռից պետք է ազատել տնտեսության որոշակի այլ հատվածներ ևս։

Ա.Մ. – Մեր տնտեսությունը կապ չունի ո՛չ լիբերալիզմի, ո՛չ նեոլիբերալիզմի և ո՛չ էլ սոցիալիզմի հետ։ Մեզ մոտ խառնիճաղանջ վիճակ է, որտեղ կա և՛ ֆեոդալիզմ, և՛ կապիտալիզմ՝ քյոխվայության տարրերով, որի վերջնական արդյունքը տնտեսության օլիգոպոլ վիճակն է, և տնտեսությունը բաժանված է մի քանի խմբերի ու անհատների միջև։ Եթե կա նմանատիպ գերկենտրոնացվածություն, ինչպես նաև եկամուտների գերկենտրոնացվածություն, խոսք չի կարող լինել բարեկեցիկ կյանքի կամ ազատ շուկայի մասին։ Այսօրվա հարկերն արդեն իսկ շատ բարձր են. ուստի քաղաքացու վրա նոր հարկային բեռ դնելն անմիտ է։ Մենք դիվերսիֆիկացնելու ենք հարկային բեռը ըստ ընկերությունների, ինչպես նաև հարկային դաշտը՝ լեռնային և սահմանամերձ շրջանների համար։ Մենք պետք է այնպիսի համակարգ մշակենք, որ Հայաստանում տարեկան մինչև $1,5 մլրդ-ի ներդրումներ կատարվեն, ինչը իրատեսական է՝ հաշվի առնելով Սփյուռքի ռեսուրսը։

Վ.Ս. – Հարկային բեռը չափազանց մեծ է, և հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 17,3%, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է: Սա խոսում է այն մասին, որ մեծ է ստվերը։ Իշխանությունը ևս չի թաքցնում, որ շուրջ 60%-ին մոտ ստվերային տնտեսություն կա։ Դրա վերացման համար անհրաժեշտ է պայքարել օլիգոպոլիկ համակարգի դեմ, ինչպես նաև թուլացնել հարկային ճնշումը։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, 2009թ. ճգնաժամից հետո պետք է անցնեինք արդյունաբերության զարգացման քաղաքականության մշակմանը: Խորհրդարան մեր մուտքով առաջինը դա ենք անելու։ Ես կարծում եմ, որ թե՛ պլանայնության, թե՛ լիբերալիզմի մեջ գերկենտրոնացումը սխալ է, պետք է գտնել ոսկե միջինը և գործել «պլանայնություն՝ այնքան, որքան պետք է; շուկա՝ այնքան, որքան անհրաժեշտ է» սկզբունքով։

Հարց. Ինչպե՞ս կարելի է կրճատել ստվերը։

Ա.Ն. – Գրեթե բոլոր տնտեսավարող սուբյեկտներն աշխատում են ստվերում։ Ովքեր չեն ուզում այդպես աշխատել, ստիպված են ստվերում գործել՝ մրցակցային լինելու համար։ Մեր խնդիրը հարկային տոկոսադրույքները չեն։ Խնդիրը հարկային քաղաքականությամբ չի լուծվի….
Հայաստանը չունի տնտեսություն. սա ի՞նչ տնտեսություն է, ի՞նչ ՀՆԱ է, ո՞ւր են ձեռնարկությունները։ Եթե մենք ուզում ենք ունենալ արդյունք, պետք է կառուցենք տնտեսություն։ Մեր մոդելը մեծ տնտեսություն ունեցող Հայաստանի մոդելն է։ Մենք առաջարկում ենք ստեղծել 200 հազ. աշխատատեղ, բարեփոխել նպաստների համակարգը, ստեղծել ձեռնարկություններ, կոնկրետ միջոցներով զարգացնել փոքր ու միջին բիզնեսը։ Հայաստանի տնտեսությունը փոքրանում է։ Կառավարությունը տարիներ շարունակ մտածված վարում է ցածր եկամուտների քաղաքականություն՝ կարծելով, որ դա է մեր երկրի մրցունակությունը, ինչը տարրական անգրագիտություն է։ Չի կարելի մտածել՝ ինչ ունես և դրանից ելնելով՝ վարել քաղաքականություն: Մենք առաջակում ենք մտածել՝ ինչ կուզենայինք ունենալ և ըստ այդմ վարել քաղաքականություն: Մենք ունենք համապատասխան ռեսուրսները։

Ա.Ե. – Ստվերի առկայությունը տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Ցանկացած նոր նախաձեռնություն դեմ է առնում այս պատին ու ի չիք դառնում։ Պետք է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն վարել, որ մրցակցային դաշտ ապահովվի դաշտի խաղորդների համար, ինչը կհարվածի օլիգոպոլիաներին։

Ա.Մ. – Այս հարցում կարևոր է նաև քաղաքական կամքի դրսևորումը, սակայն ամենակարևորը իշխանության և բիզնեսի տարանջատումն է։ Հայաստանում բոլոր խոշոր բիզնեսմենները բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք աշխատում են մաքսային և հարկային համակարգում, ինչպես նաև անվտանգության մարմիններում։ Մենք պետք է մաքրենք այդ համակարգերը։

Վ.Ս. – Ստվերը կրճատելու համար պետք է թուլացնել հարկային ճնշումը, քանի որ դա ստվերի առաջացման պատճառներից մեկն է։ Քաղաքակիրթ տնտեսություն ունենալու համար պետք է փոխել հարկային քաղաքականությունը։ Պետք է ավելացնել բյուջե ուղղակի հարկերի մուտքը, ապահովել ազատ մրցակցություն՝ հատկապես ներմուծման ոլորտում, զարգացնել տեղական արդյունաբերությունը։ Այս ամենի մեջ շատ կարևոր է նաև պետություն-մասնավոր համագործակցությունը։

Հարց. Կառավարությունը փորձում է բարեփոխել կենսաթոշակային համակարգը, ներդրվում է պարտադիր ապահովագրության համակարգը։ Ո՞րն է կառավարության սոցիալական քաղաքականության նկատմամբ ձեր դիրքորոշումը։

Ա.Ն. – Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները ամենախայտառակ պրոյեկտն է, որ իրականացնում է այս կառավարությունը, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Ցավոք, մեր ժողովուրդը տեղյակ չէ։ 25-30 տարի հետո մենք լուրջ դեֆոլտ ենք ունենալու, և ժողովրդի համար մի օր պարզ է դառնալու, որ հայտնվել է շատ ավելի վատ վիճակում, քան Խորհդային Միության փլուզումից հետո։ Սա խայտառակ ծանր բեռ է ենթադրում քաղաքացիների համար։ Այս քաղաքականությունը կառավարությունը վարում է միայն ֆինանսական շուկայի համար, որտեղ մարդը չկա։ Մյուս երկրներում սա տանում է հեղափոխության։

Ա.Ե. – Ներկայում գործող կենսաթոշակային համակարգը ոչ արդարացի է, քանի որ հաջորդ սերունդը պետք է պատասխան տա նախորդ սերնդի կենսաթոշակի համար, և բոլոր հարցերը շաղկապված են։ Դեռ չիրականացված և արդյունքը չտված՝ այս գործընթացը պետք է լրջորեն ուսումնասիրել։

Ա.Մ. – «ժառանգության» համար սոցիալական քաղաքականությունը մեկ տողով է սահմանվելու՝ սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն, որի տակ կարող են բացվել տարբեր կետեր, ինչպես աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, աշխատատեղերի ստեղծում: Կարևորում ենք նաև պրոգրեսիվ հարկի ներմուծումը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ներկայիս կենսաթոշակային համակարգը խայտառակություն է։

Վ.Ս. – Կառավարությունը ոչ թե պետք է անցներ կուտակային համակարգի, այլ բարձրացներ տնտեսության արդյունավետությունը։ Մեր կարծիքով՝ կուտակային ֆոնդի ստեղծումը չի կարող արդյունավետ լինել, և պետք է գնալ տնտեսության հզորացման ճանապարհով։

Մեկնաբանել