Նախընտրական ուրան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ 2014թ. կսկսվեն Մեծամորի ատոմակայանի նոր միջուկային էներգաբլոկի շինարարության հողային աշխատանքները։ Հիշեցնենք՝ 2008թ. հոկտեմբերին ժողովրդին և Ազգային ժողովին իր ուղերձում նախագահը նշել էր. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք այցելության ընթացքում, ըստ «Արմենպրես»-ի, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է ՀԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցումը, և Կառավարությունը ծրագրել է մինչև 2014թ. սկսել նոր էներգաբլոկի հիմնային աշխատանքները։

«Ե՛վ մենք, և՛ դուք հասկանում ենք, թե ինչ է նշանակում 1000 մեգավատ  հզորությամբ նոր էներգաբլոկի գործարկումը: Այն կարող է խթանիչ ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա»,– նշել է նախագահը։

2019-ը հարցականի տակ է
Սերժ Սարգսյանի՝ նոր էներգաբլոկի կառուցման ժամկետի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ մինչև Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտը՝ 2016թ., Հայաստանը չի ունենա էլեկտրաէներգիայի այլընտրանքային արտադրող կայան։ Նոր միջուկային էներգաբլոկի նախագծման համար անհրաժեշտ է 2-3 տարի, բուն շինարարության համար՝ ևս 5-7 տարի, ինչը նշանակում է, որ նույնիսկ լավատեսական սցենարի դեպքում նոր էներգաբլոկը պատրաստ կլինի 2019թ.։ Նույն վերջնաժամկետը այս տարվա փետրվարյան իր ասուլիսում հնչեցրել էր նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ «Շրջակա միջավայրի վրա նոր միջուկային էներգաբլոկի ազդեցության գնահատում» փաստաթղթում, որը հանրությանն էր ներկայացվել 2008թ., նոր միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետ նշված է 2017-ը։ «Եթե ատոմակայանը բավարարի միայն Հայաստանի ներքին պահանջարկը, ապա 2017թ. 1000 Մվտ-անոց կայանը կաշխատի ակնկալվող 90%-ից շատ ավելի ցածր հզորության գործակցով»,– նշված է այդ փաստաթղթում։

Ստացվում է, որ Կառավարության դանդաղկոտության արդյունքում 2016թ. ստեղծվելու է մի իրավիճակ, երբ երկիրը կարող է բախվել էներգետիկ դեֆիցիտի։ Եթե հաշվի առնենք, որ Մեծամորի ատոմակայանը ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 40-45%-ը, ստացվում է որ 2016-ից հետո էներգետիկ դեֆիցիտը փակվելու է կա՛մ ջէկերում արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվին, որը բավական թանկ է, կա՛մ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման։ Համեմատության համար նշենք, որ այսօր Մեծամորի ատոմակայանի էլեկտրաէներգիայի սակագինը Դ5,8 է 1Կվտ/ժ-ի դիմաց, իսկ «Հրազդան-5» ջէկինը՝ Դ26։

Ամենայն հավանականությամբ՝ իշխանություններն ընտրելու են Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման տարբերակը։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը տարեսկզբյան իր ասուլիսում հայտարարում էր՝ ՀԱԷԿ-ի հետագա շահագործման կամ կոնսերվացման մասին վերջնական որոշումը կընդունվի այս տարի։

Նշենք, որ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ եթե ատոմային կայանները գտնվում են տեխնիկական լավ վիճակում, դրանց շահագործումը հնարավոր է երկարաձգել ևս 10 տարով։ Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելու համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է $239 մլն, շահագործումը երկարաձգելու համար, հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ $100-150 մլն։ Ստացվում է, որ շահագործման երկարաձգումը կոնսերվացումից տնտեսապես ավելի ձեռնտու է։

Մյուս խնդիրն այն է, որ 1060 Մվտ դրվածքային հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2 մլրդ, որից միայն կեսն է պատրաստ ներդնել Ռուսաստանը։ Մյուս հատվածը պետք է ապահովի Հայաստանի Կառավարությունը։ Չի բացառվում, որ ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը ոչ թե 7 տարի, այլ ավելի երկար կտևի։

Նոր էներգաբլոկի կառուցման իրատեսականությունը կախված կլինի որոշումից՝ կերկարաձգվի Մեծամորի ատոմակայանի շահագործումը, թե այն, այնուամենայնիվ, կկոնսերվացվի։

Մեկնաբանել