Նորից գազ

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը կրկին հայտնվել է քննարկման օրակարգում։ Երեկ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ և «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը Մոսկվայում քննարկել են Հայաստանի սպառողների համար 2012-2013 թթ. ռուսական գազի գնագոյացման հարցերը։

Ըստ «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են նաև Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում «Գազպրոմ»-ի մասնակցության համաձայնագրի իրականացումը, «ՀայՌուսգազարդ»-ի ընթացիկ գործունեությունը։

«Քննարկվել է, մասնավորապես, Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկի հաջող գործարկումը, ինչը հնարավորություն է տալիս բավարարել Հայաստանում էլեկտրաէներգիայի ներքին սպառման զգալի մասը, ինչպես նաև ավելացնել արտահանումը հարակից երկրներ»,– նշված է հաղորդագրությունում։
Այս հաղորդագրությունը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ ռուսական գազի գինը չի փոխվելու։

Նշենք, որ ներկայում «Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազ մատակարարում է $180/1000 խմ գնով։ «ՀայՌուսգազարդ»-ը (բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմ»-ին) բնակչության համար գազն իրացնում է Դ132 հազ. (մոտ $340)/1000 խմ, իսկ խոշոր սպառողների համար՝ $243,13/1000 խմ սակագնով։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի համար գազի գինը բարձրացվել է 2010թ. ապրիլի 1-ին 16,8%-ով։ Արդյունքում 2010թ. գազի իրացումը ներքին շուկայում կրճատվեց 13,6%-ով՝ ազդելով նաև «ՀայՌուսգազարդ»-ի ֆինանսական ցուցանիշների վրա։ 2010-ը ընկերությունը փակեց ֌11,3 մլրդ-ի վնասով։

2011թ. ապրիլի 1-ից Հայաստանի և վերջնական սպառողների համար ռուսական գազի գնի անփոփոխ մնալը որոշակիորեն ապահովել է ներքին շուկայում իրացման ծավալների աճ։ Անցած տարի իրացվել է 1,53 մլրդ խմ գազ։ Ցուցանիշը 2010թ. համեմատ ավել է 12,72%-ով։

Նշենք նաև, որ «Գազպրոմէքսպորտ»-ի և «ՀայՌուսգազարդ»-ի միջև 2008թ. հուլիսի 2-ին ստորագրվել էր պայմանագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի կողմերը պատրաստում և ստորագրում են պայմանագրի հավելված, որում և ամրագրվում է տվյալ տարվա գազի գինը։ 2008թ. պայմանագրով ամրագրված է, որ գազի գնի հաշվարկման բանաձևի հիմքում դրվում են որոշակի գործակիցներ և վերջին ինը ամիսների ընթացքում նավթամթերքի և գազի միջին եվրոպական գները։ Այդ նույն պայմանագրում նշվում է, որ Հայաստանն աստիճանաբար պետք է անցում կատարի գազի շուկայական գնի:

Մեկնաբանել