ՀԱՊԿ-ը «լրջորեն մտահոգված է» ՀՀ օդային տարածքում ռուսաստանյան ուղղաթիռի խոցմամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մեկնաբանել է Հայաստանի տարածքում այսօր՝ ավելի վաղ, ռուսաստանյան ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի կողմից։

Կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը բերել է ցավալի հետևանքների»։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ցավակցություն ենք հայտնում զոհված անձնակազմի հարազատներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է արձակվել կրակոցը»,- հայտարարել է նա։

***

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է՝ հայտարարելով, որ Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Ուղղաթիռը ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյունը, երբ դրա ուղղությամբ կրակ է բացվել շարժական զենիթահրթիռային համակարգից։ Ուղղաթիռի խոցման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։

Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել ուղղաթիռի խոցման համար՝ հայտարարելով, որ «պատահաբար է այն խոցել» և ներողություն հայցելով ռուսաստանյան կողմից։ Բաքուն նաև «պատրաստ է փոխհատուցում վճարել»։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցել նրանց հարազատներին ու բարեկամներին:

«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Մեկնաբանել