Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու մասին։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Իլ-76 ռազմական ինքնաթիռները մեկնել են Ուլյանովսկի օդանավակայանից։ Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը բաղկացած է լինելու Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից։

Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանմանն ու ռազմական գործողություններին հետևելու համար Ռուսաստանն ուղարկում է 1 960 զինծառայող, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի 380 միավոր։

Նոյեմբերի 9-ին հրապարակվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղապահներ տեղակայելու մասին։

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․ 

«3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինյալներ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։

Ուշագրավ է, որ չնայած թուրք խաղաղապահների մասին ոչ մի խոսք չկա հայտարարությունում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ուղերձում հայտնել է, որ խաղաղապահ առաքելությունը լինելու է ռուս-թուրքական։