Սանկտ-Պետերբուրգում բացվել է «Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդեսը

Սանկտ-Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանի շքեղ ցուցասրահներից մեկում հանդիսավորությամբ բացվել է «Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդեսը՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին, տեղեկացնում են ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունից:

Ցուցահանդեսում ներկայացված է հայ գրատպության պատմությունը` 1623թ. Հռոմում տպագրված «Այբուբեն հայկական»-ից և 1668թ. Ամստերդամում տպագրված կտակարաններից, 18-19-րդ դարերում Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Շուշիում, Բաքվում, Եվրոպական մայրաքաղաքներում տպագրված գրքերից մինչև սովետական շրջանի և ՀՀ մերօրյա հրատարակությունները:

Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդը պարունակում է 75 000 գրքեր, ձեռագրեր, պարբերականներ հայերեն և ռուսերեն լեզուներով` հրատարակված ոչ միայն ռուսաստանի տարածքում, այլև աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում: