«Երկու ժողովուրդների հաղթանակ»․ Կրեմլի խոսնակը՝ ղարաբաղյան համաձայնության մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ղարաբաղյան զինանադադարի մասին համաձայնությունը անվանել է «երկու երկրների ժողովուրդների հաղթանակ», ինչպես նաև տեղեկացրել, որ ադրբեջանական կողմում կստեղծվի թուրք զինվորականների մասնակցությամբ մշտադիտարկման կենտրոն։ Այսպիսով՝ Պեսկովը մեկնաբանել է ադրբեջանական և թուրքական կողմերից հնչող հայտարարությունները, թե շփման գծում տեղակայվելու են նաև թուրք խաղաղապահներ։ 

«Սա երկու երկրների ժողովուրդների հաղթանակն է՝ և Հայաստանի, և Ադրբեջանի, քանի որ դադարեցվել է պատերազմը։ Որպեսզի դա ապահովագրվի, այնտեղ են մտնում ռուսաստանյան խաղաղապահներ։ Պետք է ելնել նրանից, որ դադարեցվել է արյունահեղությունը»,- ասել է Պեսկովը։

Նա շեշտել է, որ համաձայնության տեքստում չեն հիշատակվում Թուրքիան և նրա զորքերը՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

«Հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի խոսք չկա։ Երեք կողմերը դրա շուրջ չեն պայմանավորվել։ Ղարաբաղում թուրք զինվորների ներկայությունը չի համաձայնեցվել։ Խոսք է եղել ադրբեջանական կողմում մշտադիտարկման կենտրոնի ստեղծման մասին»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ թուրք խաղաղապահների տեղակայման մասին լուրերին անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Հարցը մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։