Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցվել են

Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցվել են։ Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել են երկրում գտնվող միջազգային դիտորդները։

Համաձայն Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրի, որին հավանություն էր տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ռազմական գործողությունները երկրում պետք է ամբողջությամբ դադարեցվեին ապրիլի 12-ին՝ Դամասկոսի ժամանակով առավոտյան ժամը 6-ին։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ նախանշված ժամանակին կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները՝ ընդդեմ ընդդիմադիրների։ Սակայն Reuters-ը նշում է, որ զորքերը դուրս բերել քաղաքներից իշխանությունները չեն խոստացել՝ հայտարարելով «զինված խմբավորումների» կողմից ցանկացած հարձակման դիմակայելու պատրաստակամության մասին։

Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վեց կետից բաղկացած իր ծրագիրը Քոֆի Անանը ներկայացրել էր մարտի վերջին։ Այն Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություն սկսել ու մարդասիրական կազմակերպություններին երկրում գործունեության հնարավորություն տալ։

Ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում սկսվել է 2011թ. մարտին։

Մեկնաբանել