Պետք է վերսկսվեն ԼՂ ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունները:

«Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն առանց հապաղելու։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասել է Ժան Իվ Լե Դրիանը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»։

Նրա խոսքով՝ այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի հետ՝ հաշվի առնելով Ֆրանսիան «Հայաստանի հետ կապող մարդկային, մշակութային և պատմական կապերը»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կնքման մասին, և Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերլուծել է այդ փաստաթղթի ստորագրման չափորոշիչներն ու հետևանքները: Ժան-Իվ Լե Դրիանը վստահ է՝ անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները։

«Դա պարտավորություն է, որը կողմերը ստանձնել են վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ։ Եվ դա առաջնահերթություն է, որին մենք վճռականորեն աջակցում ենք։ Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստորեն կպահպանվեն, և նրա հարձակումն անմիջապես կդադարեցվի։ Այս համատեքստում մենք խնդրում ենք Թուրքիային չանել մի բան, որը հակասում է այդ գերակա նպատակին»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ժան-Իվ Լե Դրիանը նշել է, որ այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան վերահաստատում է իր ողջ բարեկամությունը հայ ժողովրդի հետ: «Մենք Հայաստանի կողքին ենք այս դրամատիկ պահին։ Մասնավորապես, մենք կհոգանք, որպեսզի Հայաստանին ցուցաբերենք անհրաժեշտ հումանիտար աջակցություն»,- վստահեցրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ժան-Իվ Լը Դրիանի խոսքով՝ ԼՂ բնակավայրերում տեղահանված բնակչության և բնակավայրերի մարտական գործողությունների հետ կապված իրադրությունը լուրջ հումանիտար հետևանքներ է ունեցել:

Նախարարը նշել է, որ Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ուժերը՝ շնորհիվ քաղաքացիական հասարակության բազմաթիվ նախաձեռնությունների։ «Ֆրանսիան անցած շաբաթվա վերջին Երևան է ուղարկել բժշկական օգնություն՝ հակամարտություններից տուժածների համար մասնագիտացած վիրաբույժների բրիգադների հետ։ Առաջիկա օրերին ձեռնարկվելու են Հայաստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու այլ նախաձեռնություններ»,- վստահեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ նախկինի պես անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսում, բացի հայտարարված հրադադարի մասին համաձայնագրից: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին իր դերակատարությունն է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մեկնաբանել