Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնը խաղաղապահ գործողության հետ կապ չունի․ Զախարովա

Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և կապ չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեքշաբթի Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեջ Անկարայի դերը սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ և ուղղակի կապ չունի խաղաղապահ գործողության հետ:

Զախարովան ասել է, որ այդ կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը չի հարում Լեռնային Ղարաբաղին:

«Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ խոսքն արդեն ոչ թե հայտարարության մեջ նկարագրված խաղաղապահ ջանքերի, այլ բոլորովին այլ առաքելության, համատեղ ջանքերի մեկ այլ մասի մասին է։ Պետք է դա բաժանել, դրանք տարբեր բաներ են»,- ասել Է Զախարովան։

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ դա կապված չէ, դա նույնը չէ, դրանք տարբեր բաներ են։ Խոսքը այն խաղաղապահ ջանքերի մասին չէ, որոնք ամրագրված են հայտարարության մեջ։ Մեկ անգամ ևս ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ դա տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում»,- ասել է Մարիա Զախարովան։

Մեկնաբանել