Գործարկվել է Google+ սոցիալական ցանցի նոր ինտերֆեյսը

Google ընկերությունը գործարկել է նոր ինտերֆեյս իր սոցիալական ցանցի՝ Google+-ի համար: Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական բլոգում:

Հիմնական փոփոխությունը գլխավոր մենյուի տեղակայումն է էջի ձախ մասում: Google-ը նշում է, որ այս փոփոխությունները թույլ կտան երկու նորարարություն բերել սոցիալական ցանց: Թե որոնք են լինելու դրանք, ընկերությունը, առայժմ, գաղտնի է պահում:

Նոր ինտերֆեյսում տեսանյութերը և լուսանկարները նորությունների ժապավենում այլ կերպ են ցուցադրվում: Բացի դրանից, կայքում հայտնվել է «Տեսահանդիպումների» (Hangouts) առանձին բաժին, որը թույլ է տալիս տեսազրույց կազմակերպել միաժամանակ 10 օգտագործողների հետ:

Այս նոր ինտերֆեյսը մոտակա օրերին հասանելի կլինի բոլոր օգտագործողներին:

Google+ սոցիալական ցանցը գործարկվել է 2011թ-ին: Ըստ Google-ի՝ այսօր ցանցում գրանցված է ավելի քան 170 մլն օգտվող: