Ինչպես կազդի լիրայի գահավիժումը Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության վրա

ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոն և Էրիկ Հակոբյանը քննարկում են թուրքական լիրայի արժեզրկումը, դրա ազդեցությունը Թուրքիայի տնտեսության և քաղաքականության վրա։ Հարցազրույցը անգլերենից թարգմանել է Զառա Պողոսյանը։

– Էրիկ, մենք շատ ենք լսում Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մասին՝ կապված թուրքական լիրայի շարունակական արժեզրկման հետ։ Հրաժարական տվեցին Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահը և ֆինանսների նախարարը։ Կարո՞ղ եք բացատրել մեր ակնդիրներին՝ ինչ ճգնաժամի մասին է խոսքը։

– Կարծում եմ՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի հիմքում երկրի տնտեսական վատ կառավարումն է, ինչն իրականում միայն Թուրքիային չէ բնորոշ․ բազմաթիվ երկրներ, որոնք լիովին զարգացած չեն, ևս ունեն նման խնդիրներ։ Դրանք նախևառաջ երեք գործոններ են՝ սատանայի եռանկյունը, երբ խոսում ենք տնտեսագիտությունից։ Առաջին՝ արժույթի արժեզրկում, գնաճ և ռեցեսիա։ Երեքն էլ բերում են արտաքին պարտքի ճգնաժամի, որ Թուրքիան այժմ ունի։ Թուրքիան ունի մոտ 200-300 միլիարդ դոլարի արտաքին պարտք, միաժամանակ՝ օտարերկրյա կապիտալը հեռանում է երկրից։ Այդ երեք գործոնները՝ գնաճ, արժեզրկում և ռեցեսիա, սնում են իրար։ Lիրան վերջին տարում $1/5 լիրայից դարձել է $1/8,5 լիրա։ Թուրքական լիրան այսօր աշխարհում ամենավատ վարքագիծն ունեցող արժույթն է։ Որքան արժեզրկվում է լիրան, այնքան մեծ գնաճ ես ունենում։ Արդյունքում ունենում ես ստագֆլյացիա, երբ գնաճին զուգահեռ շարունակաբար նվազում է մարդկանց կենսամակարդակը։

Այնպես որ, ստացվում է երկկողմանի հարված, որը հաջորդ մի քանի ամիսների ընթացքում կարող է հասնել իր եռման կետին և հանգեցնել ինչ-որ տեսակի քաղաքական ճգնաժամի, ինչպես որ լինում է ցանկացած տեսակի տնտեսական ճգնաժամի դեպքում։

– Շատ երկրներ են առերեսվում տնտեսական խնդիրների։ Թուրքիայի դեպքում ո՞րն է նրա արտաքին քաղաքական հավակնությունների շարժիչ ուժը։ Արդյոք այդ հավակնությունների հետևում կան համապատասխան տնտեսությունն ու ռեսուրսները։

– Կարճ պատասխանը՝ ամենևին ոչ։ Էրդողանի խնդիրն այն է, որ նա ունի Չինաստանի ղեկավար Սի Ձին Պինին բնորոշ հավակնություններ, բայց Արգենտինայի տեսակի տնտեսություն։ Կգա պահ, երբ այդ երկու հակասություններից մեկը նրան կտապալեն։ Թուրքիայի՝ մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ն 10 000 դոլարի միջակայքում է։ Ի համեմատություն՝ Արգենտինայինը 30 000 դոլար է, իսկ Հունաստանինը, որը հարուստ երկիր չես անվանի, այդ թիվը 19 000 է։ Ուստի չես կարող Էրդողանի պես ամբիցիաներ ունենալ՝ առանց համապատասխան տնտեսության։ Մեկը մյուսին կտապալի։

– Թուրքիայում հնարավոր տնտեսական ճահճացումն ինչպե՞ս կազդի նրա արտաքին քաղաքականության վրա։ Այն ավելի ագրեսի՞վ կդառնա, թե՞ կնահանջի։

– Կարծում եմ՝ դա ամենակարևոր հարցն է։ Իսկապես կախված է նրանից, թե որ ուղով կգնա Էրդողանը։ Նա երկու տարբերակ ունի՝ կամ թույլ տալ, որ տնտեսությունը լիովին քայքայվի նեոօսմանյան այդ երազանքների համար անկախ արտաքին քաղաքականություն վարելու նպատակով, ինչպես իրանական մոդելը, երբ թողնում ես ամեն ինչ գնա գրողի ծոցը, սակայն իրավունք ունես անել՝ ինչ ուզում ես՝ արհամարհելով միջազգային հանրության ճնշումները կամ գնում ես և ԱՄՀ-ից պարտք ես խնդրում, քանի որ մասնավոր բանկերը Թուրքիայի պետությանը 300 միլիարդ պարտք չեն տա։

Թուրքիայի խնդրի մի մասն էլ այն է, որ պարտքի մեծ մասը ներքին պարտք է՝ մասնավոր հատվածի, ոչ թե պետական պարտք, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Էրդողանը պետք է որոշում կայացնի այդ երկուսի միջև․

ա) Լինել ավելի աղքատ, որն Իրանի նման կարող է խառնվել տարբեր գործերի և արհամարհել տնտեսական դժվարությունները, ինչն ավելի դժվար կլինի անել, քանի որ Թուրքիայի քաղաքական համակարգն ավելի ժողովրդավարական է, քան Իրանինը։

բ) Դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին կամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին, ինչը բոլորովին հավանական չէ, քանի որ այդ քայլը նրան քաղաքականապես խաչին կգամի։ Երկրորդ անգամ նա իր կյանքում կամորձատվի, նրա ամբիցիաներիը կավարտվեն։

Սա նշանակում է, որ ցանկացած քայլ անելուց առաջ Էրդողանը պետք է հաշվի նստի նրանց կարծիքի հետ, որոնք իրեն պարտք են տվել։ Դա է հիմնական պատճառներից մեկը, որ նա այդքան հաստատակամ է ու հպարտ ԱՄՀ-ին չդիմելու իր դիրքորոշմամբ։ Այն պահին, երբ Էրդողանը դիմի ԱՄՀ-ին, նրա նեոօսմանյան երազանքները կջախջախվեն։ Էրդողանը քաղաքականապես կսահմանափակվի նրանով, ինչ Թուրքիան միշտ եղել է, այսինքն՝ տարածաշրջանային տերություն, որը սահմանափակված է իր խնդիրներով ու հարցերով։

– Ի՞նչ է դա նշանակում Ղարաբաղյան հակամարտության համար, թե՞ այդ տնտեսական ճգնաժամի հետևանքները ավելի երկարատև կլինեն։

– Արդյոք սա կարո՞ղ է փոխել որևէ բան ներկա պատերազմի իրավիճակում՝ ոչ։ Սակայն ինչպես գիտեք, սա ամիսներ ու տարիներ խմորվող գործընթաց է, և Թուրքիան երկու, չորս ամիս անց, հատկապես ԱՄՆ նոր նախագահի դեպքում և կորոնավիրուսի հետևանքներից թուլացած Թուրքիան նշանակելու է նաև թուլացած Ադրբեջան։ Այդ իմաստով, Հայաստանի համար Թուրքիայի տնտեսական խնդիրները լավ նորություն են։

– Խոսակցություններ կան նաև Ադրբեջանում սպասվող տնտեսական ճգնաժամի մասին։ Ոմանք կարծում են, որ այս պատերազմը ժողովրդին դրանից շեղելու միջոց էր։

– Դրանք երկու առանձին խնդիրներ են։ Կարծում եմ՝ չափազանց ռեդուկցիոնիստական կլիներ ասել, որ պատերազմը տնտեսական ճգնաժամի պատճառով է։ Ամբողջ աշխարհն է տնտեսական ճգնաժամի մեջ։ Զգույշ կլինեմ իմ մեկնաբանություններում, քանի որ Հայաստանում հակում կա թերագնահատել այն կարևորությունը, որ Ղարաբաղն ունի Ադրբեջանի համար։ Անկախ նրանից, թե ինչ ենք մտածում այդ մասին, սա նրանց ինքնության համար կենտրոնական հարց է, անկախ նրանից՝ ճիշտ է դա, թե ոչ։

Սակայն, կա գրեթե ուղղակի կապ նավթի գների անկման և ադրբեջանական ագրեսիայի միջև, որը սկսվեց 2016-ին, և տեսնում ենք 2020-ին։ Ուստի, հաստատ կա դրա տարրը, բայց չեմ կարծում, որ դա տալիս է ամեն հարցի պատասխան։ Կարծում եմ՝ տնտեսական խնդիրները որոշակի պահի հանգեցնում են պատերազմի բռնկման։ Բայց չեմ կարծում, որ դրանք ուղղակի պատճառ են։ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը թերևս ավելի երկարաժամկետ է, քան կարճաժամկետ։

Երբ մուտք ենք գործում մի դարաշրջան, երբ մարդիկ շարունակ խոսում են նավթի արդյունահանման պիկի մասին։ Նաթվի գինը առաջիկա տասը տարիներին լինելու է 35-40 դոլարի սահմաններում․ աշխարհը հանածո վառելիքից հեռանում է։ Մինչ 2030-ը ավելի շատ կլինեն էլեկտրական մեքենաներ։ Ածխաջրածինների ամենամեծ գործածությունը հենց այդ ոլորտում է։ Մենք մուտք ենք գործում էներգակիրների կայուն ցածր գների շրջան՝ աշխարհում բնական գազի գերառաջարկի պայմաններում, և Ադրբեջանի համար տնտեսական խնդիրները շատ ավելի երկարաժամկետ են, շատ ավելի լուրջ։ Դա նշանակում է, որ անցած քսան տարիները նրանց լավագույն տարիներն էին, իսկ հաջորդ քսան տարիները շատ ավելի սուղ են լինելու։

Մեկնաբանել