Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը վաղը ևս հանրահավաք կիրականացնեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդների մեծ մասը ձերբակալվել են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ ձերբակալվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը և այլք։

Արծվիկ Մինասյանը ասաց, որ իրենք այսուհետ պայքարելու են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, այլև «մեծաքանակ քաղբանտարկյալներին ազատելու համար»։

«Վաղը ժամը 17։00-ին Մատենադարանի մոտից նախատեսվում է հավաք-երթ։ Մենք վստահ ենք, որ այդ երթին մասնակցելու են ոչ միայն Երևանից, նաև մարզերի այն մեր այն քաղաքացիները, ովքեր չեն հանդուրժում Հայաստանում ռեպրեսիոն մեթոդներով պայքարը իրական, ազգային ուժերի դեմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանն էլ հավելեց՝ ստույգ տեղեկություն է ստացել, որ «շատ շուտով Հայաստանում անջատվելու է համացանցը»։

Մեկնաբանել