Երևանում ապրիլի 22-ին՝ «Առանց մեքենայի օր»

Երկրագնդի համաշխարհային օրվա կապակցությամբ ապրիլին 22-ին Երևանում կանցկացվի «Առանց մեքենայի օր»: Ժամը 12:00-19:00-ը Հանրապետության Հրապարակից  մինչև Երևանի քաղաքապետարան ընկած հատվածը՝ Վ.Սարգսյան, Խորենացի, Բեյրութի և Իտալիայի փողոցները,  փակ կլինեն բոլոր ավտոմեքենաների համար, բաց՝ հեծանվորդների համար:

Առանց մեքենայի օրվա կազմակերպիչներն են «Կանաչաստան» ՀԿ-ն՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Կանաչաստանի» ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը Սիվիլնեթին տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին-ին բոլորը կարող են դուրս գալ իրենց հեծանիվներով, սպորտային կոշիկներով և անվավոր չմուշկներով՝ վայելելու մաքուր ու թարմ օդը, և ժամանցային տրամադրությունը երևանյան զբոսայգիներում՝ Մանկական զբոսայգում, Անգլիական այգում, Շահումյանի պուրակում:

«Առանց մեքենայի օրն» ամենամյա տոն է, որը նշվում է աշխարհի մեծ քաղաքներում՝ առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների: Այդ օրը փողոցներում դադարեցվում է ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն է ընձեռվում ազատորեն դուրս գալու փողոց՝ վազելու, խաղալու, զբոսնելու: